Հայկական պանիրը գնային առումով Ռուսաստանում մրցունակ չէ
Պանրագործությամբ զբաղվող ընկերությունները բարդ իրավիճակում են հայտնվել: 2014-ի ընթացքում Հայաստանում արտադրվել է 18 հազար 317 տոննա պանիր, իսկ 2015-ին 18 հազար 592.5 տոննա: Աճը կազմել է ընդամենը 1.5 տոկոս:
Գյուղատնտեսության նախարարության Ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ պանրագործական ընկերությունների հիմնական խնդիրը պայմանավորված է ռուսական արժույթի՝ ռուբլու արժեզրկմամբ:
«Այն ինքնարժեքով, որ նստում է մեր պանրագործների վրա, Ռուսաստանում մրցունակ չէ: Հիմնական խնդիրը դա է: Վերջին մի քանի տարիներին տարեկան միջին հաշվով արտահանվում է 1500 տոննա պանիր»,-ասաց նա, ավելացնելով, որ որակի հետ կապված խնդիրներ չկան:
2015-ին պանրի արտահանման տվյալները դեռ հստակեցված ու հրապարակված չեն:
Նախարարության պաշտոնյան ռուսական խանութի ինքնագործունեություն է համարում համացանցում տարածված լուսանկարը, որտեղ, ըստ մակնշման, արտադրման երկիրը նշված է Հայաստան, իսկ մթերքը ներկայացված է որպես «պանրանման մթերք»:
«ԵՏՄ ու ռուսական կանոնակարգերով «պանրանման մթերք» հասկացություն գոյություն չունի, այն պետք է կոչվի պանիր կամ պանրային արտադրանք: Դրանք համարժեք սահմանումներ են, գործարանային մակնշման վրա չէր կարող նման բան գրվել»,-ասաց Գ. Ղազարյանը:
Նրա խոսքով, շատ բարդ է գտնել, թե որ խանութում է վաճառվել այն, չի կարծում, որ դա հայկական պանրի բարի համբավին կարող է վնասել:
Բելառուսական ու ուկրաինական պանրի համեմատ ինչո՞ւ է հայկականը թանկ: Ղազարյանի խոսքով, դա պայմանավորված է այդ երկրներում ֆերմերային տնտեսությունների առկայությամբ, մինչդեռ Հայաստանում կաթը մթերվում է առանձին գյուղացիական տնտեսություններից. «Գյուղացիական փոքր տնտեսությունների ու կաթնատվության նման պայմաններում բավականին բարձր ինքնարժեք է ստացվում»:
Հարցրեցինք, թե ինչու ռուսական շուկայում անմրցունակ դարձած պանիրն այդպես էլ Հայաստանում չի էժանանում:
«Պանրի ինքնարժեքը բարձր է ստացվում: Մոտավորապես հաշվարկենք: Մեկ կգ «Լոռի» տեսակի պանիրը ստացվում է 8 լիտր կաթից: Այս պահին մեկ լիտր կաթը մթերում են 150 դրամով: Դրան էլ պետք է ավելացնել 20-30 տոկոս վերամշակման ծախսերն են, շահույթ, հետո խանութն է որոշակի գին ավելացնում»,-ասաց նա:
Ռուսական ռուբլու արժեզրկումը ոչ միայն հայ պանրագործներին է խիստ ծանր կացության մեջ դրել, այլև գինեգործներին, կոնյակագործներին, պահածո ու հյութեր արտադրողներին:
«Արտահանման գերակշռող մասն իրականացվում է դեպի Ռուսաստան: Այնտեղ բնակչության գնողունակությունն ընկել է, մեր ինքնարժեքի պայմաններում իրացման ծավալները շատ նվազել են, շուկան չկորցնելու համար արտադրողները ստիպված ինքնարժեքին մոտ գներով արտահանում են: Շահույթ չունեն համարյա թե, բայց արտահանում են: Հույս ունեմ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում»,-ասաց նախարարության պաշտոնյան:
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում առայժմ ընկերությունների փակվելու դեպքեր չեն գրանցվել, բոլոր գործարարներն աշխատում են վարկերով, ոչ մի գործարանի սեփական շրջանառու միջոցները չի բավարարում, որպեսզի վերարտադրություն կազմակերպեն:
«Այլ խնդիր է, որ վարկերի մարման հետ կապված այս ընթացքում որոշակի դժվարություններ, այո, առաջացել են»,-ասաց նա, չհամաձայնելով գնահատակին, թե լուրջ վտանգված է ոչ միայն ոլորտի զարգացումը, այլև՝ գոյությունը:
Հիմա պանրագործները մտածում են նաև բարձրարժեք պանիր արտադրել, արտահանել նաև այլ երկրներ, բայց ոչ եվրոպական: Այդ երկրներ արտահանելու համար մի շարք խնդիրներ կան, որոնց լուծման համար մի քանի տարի կպահանջվի:
Պանրագործներին դժվար կացությունից դուրս հանելուն է ուղղված Համաշխարհային բանկի աջակցությամբ արոտների, կոպերատիվների, կաթի վերամշակման արտադրություններ հիմնելու ծրագիրը: Դրա բաղադրիչներից մեկն էլ դրամաշնորհների տրամադրումն է՝ 8-50 հազար դոլար արժողությամբ:
«Նպատակը սարքավորումների ձեռքբերումն է, որակի կառավարման մեխանիզմերի ներդրումը: Առաջին հայտերն արդեն ստացվել են, գործելու է մինչև 2019 թվականը»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան