Քաջատեղյակ էինք, որ քաղաքում ևս 110-120 երեխաների նախակրթարանում տեղավորելու խնդիր կա. Վահե Հակոբյան
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է նաև Քաջարան քաղաքում: Երկրի ղեկավարն այստեղ մասնակցել է Զանգեզուրի պղնձնամոլիբդենային կոմբինատի միջոցներով վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությանը:
Նախաուսումնական այդ հաստատության վերանորոգման և շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 190 մլն դրամ:
Լրագրողների հետ զրույցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական գծով տնօրեն Վահե Հակոբյանը նշեց, որ մանկապարտեզի վերանորոգման արդյունքում ևս 90 երեխա հնարավորություն կունենա հաճախել նախակրթարան:
«Առաջին աշխատանքները կատարվել են շենքի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ, ապա կատարվել է պատերի, հատակի և տանիքի հիմնովին վերանորոգում: Քաջատեղյակ էինք, որ քաղաքում ևս 110-120 երեխաների նախակրթարանում տեղավորելու խնդիր կա, ուստի մեր կողմից կայացվեց որոշում վերակառուցել մանկապարտեզը: Նախատեսվում է, որ մանկապարտեզում ևս 40 աշխատատեղ կստեղծվի»,- նշեց Վահե Հակոբյանը: