Ավելի քան երկու տասնյակ ֆիլմ՝ «Web Ծիրան»-ի շրջանակում
««Web Ծիրան» համահայկական օնլայն 5-րդ կինոփառատոնը ստացել է 21 հայտ: Նախնական որևէ ընտրություն չի եղել, ներկայացված բոլոր ֆիլմերը ցուցադրվում են»,- Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը:
Նշենք, որ կինոփառատոնի ֆիլմերի ընդունումն ավարատվել էր հունվարի 25-ին: Փառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվում են բացառապես webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ՝ փետրվարի 1- 29-ը:
Ր.Մովսիսյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի երեքով ավելացել են ներկայացված ֆիլմերը, իսկ որակական առումով գրեթե տարբերություն չկա:
«Հիմնականում երիտասարդ ռեժիսորներ են մասնակցում կինոփառատոնին: Ժանրային սահմանափակումներ չկան: Փառատոնի հիմնական նպատակը կինոյի տարածման համար հարթակ ստեղծելն է»,- նշեց նա՝ հավելելով, որ փառատոնը խրախուսում է նաև տեխնոլոգիական նոր միջոցներով՝ բջջային հեռախոսներով, պլանշետներով, սմարտֆոններով նկարահանած կարճ ֆիլմերը:
Փառատոնի կազմակերպիչն է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և webtv.am մշակութային ինտերնետ-հեռուստատեսությունը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր գործընկերությամբ:
«Web Ծիրան» համահայկական օնլայն 5-րդ կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն 2016 թ. մարտի առաջին տասնօրյակում՝ հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: Սահմանվել է 1 գլխավոր և խրախուսական 2 մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգևատրվի 400.000 ՀՀ դրամով և հատուկ դիպլոմով: Մյուս հաղթողները կպարգևատրվեն Խրախուսական մրցանակով՝ հատուկ դիպլոմով:
Ինչպես գլխավոր, այնպես էլ մյուս մրցանակակիրները կստանան նաև պրոֆեսիոնալ նկարահանող տեխնիկայից 10 օր անվճար օգտվելու հնարավորություն: Ցուցադրման ընթացքում ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին և հատուկ դիպլոմի: