Աստղագետը՝ մոլորակների շքերթի մասին
Մոլորակների շքերթը մոտենում է ավարտին: Հինգ մոլորակով շքերթը բացառիկ երևույթ է, վերջին անգամ նման բան եղել է 2004 թվականին:
Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյանը:
«Մոլորակների շքերթ անվանում են, երբ երևացող, տեսանելի մոլորակները միաժամանակ շարվում են իրար հետևից: Դրանք պտտվում են Արեգակի շուրջ, ամեն մեկն իր պարբերությունն ունի, ուղեծիրը միշտ չէ, որ հնարավոր է տեսնել»,- բացատրեց աստղագետը:
Նրա խոսքով, չորս մոլորակով շքերթները հաճախ են լինում, երեքով՝ ավելի հաճախ:
«Հետաքրքիր է, որ շքերթում նաև Լուսինն է երևում: Շքերթին «մասնակցում են» Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը, Պլուտոնը: Սրանք անզեն աչքով երևում են»,-թվարկեց աստղագետը:
Նրա խոսքով, տպավորիչ տեսարանը վերջին երկու օրերի ընթացքում էր, հիմա մոլորակները սկսել են հեռանալ միմյանցից, իսկ տեսանելիությունը՝ նվազել:
Ա. Միքայելյանից հետաքրքրվեցինք, արդյոք երկնային այդ երևույթը որևէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ մարդկանց ինքնազգացողության վրա:
«Մոլորակների ազդեցությունը, Լուսնի ու Արեգակի համեմատ, քիչ է մարդու վրա: Ես հաշվարկել եմ, մոտ 300 անգամ քիչ է: Բայց շատ չնչին ազդեցություն ունենում է, իհարկե: Դա մեծապես կախված է նաև մարդուց: Օրինակ, մարդ կա շատ զգայուն է անգամ փոքր տատանումների, եղանակային փոփոխությունների նկատմամբ, նույնն էլ այս պարագայում է»,-ասաց նա, ավելացնելով, որ ազդեցությունն ավելի մեծ է սիրտանոթային ու հիպերտոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց վրա:
Միքայելյանը զարմանք հայտնեց, որ հայաստանյան բժշկության մեջ հաշվի չեն առնում Լուսնի ազդեցությունը:
«Իրոք, այդ ազդեցությունն ահռելի է, նույնիսկ մարդու կյանքին կարող է վտանգ սպառնալ: Արեգակնային բռնուկումներն ավելի վտանգավոր են, շատ դեպքերում չեն հասկանում, թե ինչու մարդը մահացավ: Ես կարծում եմ, այս առումով ճիշտ կլիներ կենսաբանների, բժիշկների ու աստղագետների համագործակցությունը: Հայաստանում նման բաները ընդհանրապես դեռ զարգացած չեն»,-ասաց նա:
Աստղագետի խոսքով, այս պահին ընկերությունը փորձում է զարգացնել ճյուղային գիտությունները, որպեսզի մի քանի մասնագետների համագործակցության, փորձի փոխանակման, գիտելիքի համատեղ ներդրման արդյունքում կարողանան ինչ-որ արդյունքների հասնել:
«Արտասահմանում կա հաջողված փորձ, օրինակ կա գիտության աստղակենսաբանություն ճյուղը»-ասաց նա: