ՍԴ նախագահ. ՀՀ-ում Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում անելիքներն ավելին են, քան արվածն է
«Բազմաթիվ երկրների մեր գործընկերների անթաքույց համոզումն է, որ սահմանադրական արդարադատության ոլորտում Հայաստանը դարձել է միջազգային ճանաչված կենտրոններից մեկը»,- ՀՀ սահմանադրական դատարանի կազմավորման 20-ամյակին նվիրված հանդիսության ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Այնուհետև նա խոսել է անհետաձգելի լուծում պահանջող սահմանադրաիրավական առանձին խնդիրների մասին, քանի որ, ըստ ՍԴ նախագահի, Հայաստանում իրավունքի ու Սահմանադրության գերակայության երաշխավորման գործում անելիքներն ավելին են, քան արվածն է.
«Նախ` մեր երկրում դեռևս չի ձևավորվել սահմանադրական իրավամտածողության անհրաժեշտ մակարդակ, իրավունքի գերակայությունը չի դարձել անհատի սոցիալական վարքագծի, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի ու հանրային իշխանության հանրային վարքագծի առանցքը,
երկրորդ` չի երաշխավորված սահմանադրական վերահսկողության համակարգային ամբողջականությունը: Միայն դատական սահմանադրական վերահսկողության միջոցով, առանց այս ոլորտում այլ ինստիտուտների գործառույթների լիար ժեք իրացման, անհնարին է արդյունավետ երաշխավորել Սահմանադրության ու իրավունքի գերակայությունը,
երրորդ` գործառութային ու կառուցակարգային մինչև այժմ եղած լուծումները լիարժեք չեն երաշխավորել մարդու իրավունքների անմիջական գործողությունը, բավարար չէ դրանց երաշխավորման, ապահովման ու պաշտպանության համակարգի գործունակությունը,
չորրորդ` այս տարիներին սահմանադրական դատարանը գործել է սահմանադրական արդարադատության անկատար համակարգի պայմաններում, չի ներդրվել լիակատար սահմանադրական գանգատի ինստիտուտը, բավարար իրավական երաշխիքներ չեն ստեղծվել սահմանադրական դատարանի որոշումների կատարումն ապահովելու համար, ինչի մասին բազմիցս արձանագրվել է սահմանադրական դատարանի տարեկան հաղորդումներում: Անցած տարի արձանագրվեց ավելի արտառոց փաստ, երբ սահմանադրական դատարանի տարաժամկետած որոշման պա րագայում ՀՀ Ազգային ժողովն օրենսդրական համարժեք փոփոխություններ չկատարելով` ստեղծել է իրավական անվտանգության ռեալ սպառնալիք,
հինգերորդ` գրեթե անգործության են մատնված սահմանադրական դատարա նում պետական իշխանության տարբեր մարմինների ներկայացուցիչների` օրենքով նախատեսված ինստիտուտները, վեցերորդ` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության հարցերով սահմանադրական դատարան դիմելու իրենց սահմանադրական իրավասությունը չեն իրացնում ՀՀ կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ դատարանները բավարար ակտիվությամբ հանդես չեն գալիս, յոթերորդ` երկրում դեռեւս ցածր է հասարակական հարաբերությունների սահմանադրականացման մակարդակը, չեն հաղթահարված սահմանադրականության դեֆիցիտը, սահմանադրական հիմնարար արժեքների ու սկզբունքների ձևախեղումները, հակասությունները Սահմանադրության, իրավական համակարգի ու իրավակիրառական պրակտիկայի միջև, ինչպես նաև չի ներդրված սահմանադրական մշտադիտարկման հստակ համակարգ` դրանում կարևոր դերակատարություն վերապահելով նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, իսկ տնտեսական, քաղաքական ու վարչական ներուժի սերտաճումն աղճատում է իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի իրացումը` ընդհուպ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք:
Թվարկված հիմնախնդիրների համակարգային լուծման լրջագույն նախադրյալներ են ստեղծվել սահմանադրական վերջին փոփոխություններով: Սակայն դրանք կարող են կյանքի կոչվել միայն անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովման ուղղությամբ տարվող համակարգված և հետևողական աշխատանքի արդյունքում»:
Գագիկ Հարությունյանն ասել է, որ Հայաստանին վիճակված է թևակոխել իրավական ու ժողովրդավարական պետության կայացման որակապես նոր փուլ, որում իր ծանրակշիռ դերակատարությունը կունենա նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը.
«Վստահ եմ, որ անցած տարիների դրական փորձառությունը և սահմանադրաիրավական նոր երաշխիքները դրա ապահովման կարևոր գրավական կարող են դառնալ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում