Մեղրիում բացվել է գերժամանակակից ապահովվածությամբ տարածաշրջանային բժշկական կենտրոն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ներկա գտնվեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն»-ի բացման արարողությանը: 2006թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել էր Սյունիքի մարզի «Մեղրու բժշկական կենտրոն» և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ները միավորել՝ ստեղծելով նոր բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:
Panorama.am-ի՝ Սյունիքում գտնվող թղթակցի փոխանցմամբ, բժշկական կենտրոնի կառուցման 1.62 մլրդ դրամ ներդրումն իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարագի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում:
Նորակառույց բժշկական կենտրոնն այսուհետ սպասարկելու է Ագարակ, Մեղրի քաղաքների և հարակից գյուղական համայնքների բնակչությանը: Հիվանդանոցների միավորման արդյունքում բուժաշխատողների կրճատումներ տեղի չեն ունեցել:
Լրագրողների հետ զրույցում «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի տնօրեն Լուսինե Վարդանյանը նշեց, որ նախկինում իրենք ստիպված էին աշխատել 1970-80-ականներից մնացած շենքային և նյութատեխնիկական պայմաններում, իսկ այժմ հնարավորոթյուն են ստացել սպասարկել քաղաքացիներին գերժամանակակից պայմաններում:
«Այս կենտրոնը ժամանակի հրամայականն էր: 2012թ-ից սկսած Հանրապետության նախագահի հովանու ներքո կառուցվեց և զբաղեցնում է ավելի քան 3000 քմ մակերես, որտեղ միաժամանակ ստացիոնար բուժում կարող է ստանալ 45 հիվանդ: Բժշկական կենտրոնը 12 հազար բնակչություն ունեցող տարածաշրջանի համար իսկապես շքեղություն է ու ռազմավարական մեծ նշանակություն ունի»,-ասաց տնօրենը:
Լ. Վարդանյանի խոսքով, այս պահին կենտրոնն ունի որոշ նեղ մասնագետների պակաս: Նա հույս հայտնեց, այդ խնդիրը Առողջապահության նախարարության աջակցությամբ կլուծվի: Ներկա պահին բժշկական կենտրոնն ունի 21 բժիշկ:
Panorama.am-ի հետ զրույցում Կարճևան գյուղի բնակիչ Մելինե Գևորգյանը բարձր գնահատեց բժշկական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությունն ու շենքային պայմանները, սակայն նշեց, որ անհրաժեշտ է մտածել նոր մասնագետներով կենտրոնը համալրելու մասին:
Նա նաև մտահոգություն հայտնեց Մեղրի-Ագարակ-գյուղեր հասարակական տրանսպորտի բացակության առնչությամբ՝ նշելով, որ ով մեքենա ունի շահել է, իսկ ով չունի՝ ստիպված է տաքսիով հասնել բժշկական կենտրոն, ինչը արժե 1000-1500 դրամ:
Մեզ հետ զրույցում բժշկական կենտրոնի գլխավոր սրտաբանը, անդրադառնալով խնդրին, նշեց, որ բուժանձնակազմի կեսից ավելին նախկին «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ից են և պետք է աշխատանքի գան Ագարակից:
«Ընդհանուր առմամբ 8 բժիշկ Ագարակից են: Հիվանդանոցում ժողով է եղել, խոստացել են, որ Ագարակ-Մեղրի տրանսպորտ պետք է գործի՝ օրը երեք անգամ, տեսնենք, բայց դա լուծում չէ: Ենթադրենք, գիշերվա ժամը 3-ին հիվանդը վատացել է և պետք է գա, ի՞նչ հասարակական տրանսպորտ»,- եզրափակեց գլխավոր սրտաբանը: