Կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտում է ադրբեջանական ագրեսիան ընդդեմ հայերի
ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը «Horizon Life» հաղորդման շրջանակներում հարցազրույց է տվել «Ասբարեզ» պարբերականի գլխավոր խմբագիր Արա Խաչատուրյանին՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հայության դեմ:
Կոնգրեսականը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին՝ վերջ տալ կեղծ հավասարության նշան դնելուն հակամարտության կողմերի միջև: Շիֆի խոսքով, ասվում է այն մասին, որ «երկու կողմերը պետք է պատասխանատու լինեն» կամ «երկու կողմերը պետք է զերծ մնան» և դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ ագրեսիա հրահրող կողմը Ադրբեջանն է:
Շարունակելով, Շիֆը նշել է, որ Ադրբեջանի բռնապետական ռեժիմը այսօր բախվում է ներքին լուրջ խնդիրների, ուստի ժողովրդի ուշադրությունը շեղելու համար ագրեսիա է հրահրվում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Կոնգրեսականը նկատել է, որ սա բավական մտահոգիչ իրավիճակ է, ուստի Ջեյմս Ուորլիքը իր հայտարարություններում հենց այս մասին պետք է բարձրաձայնի՝ հայտարարությունների հասցեատեր դարձնելով Ադրբեջանին:
«Շփման գծում Ադրբեջանը կրակում է տանկերից, ծանր հրետանուց, կիրառում է դիպուկահարներ՝ հայ զինվորներին սպանելու համար: Սա անչափ վտանգավոր է: Մյուս կողմից Ադրբեջանի ներսում աճում է ժողովրդական դժգոհությունը տնտեսության թուլացման, նավթի գների անկման, գնաճի հետ կապված, ինչն էլ բերում է բռնապետության դիրքերի թուլացման: Ալիևն էլ իր հերթին հետևում է մյուս բռնապետերի օրինակին, լարվածություն առաջացնում շփման գծում, թեժացնում հակամարտությունը՝ հասարակական ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից շեղելու համար»,- նշել է կոնգրեսականը:
Նման պայմաններում, ըստ նրա, անընդունելի է համանախագահ Ուորլիքի կողմից միայն հրապարակել նկարներ կրակոցների մասին և հստակ չասել, թե որտեղից են դրանք արձակվել:
Կոնգրեսականը հիշեցրել է, որ ԱՄՆ մյուս կոնգրեսականները ցանկություն ունեն միջադեպերը հետաքննող մեխազնիմներ ներդնել, ինչը ընդունվել է Հայաստանի և Ղարաբաղի կողմից, սակայն մերժվում է Ադրբեջանի կողմից:
Ադամ Շիֆը ևս մեկ անգամ կարևորել է բանակցային գործընթացի Մինսկի խմբի ֆորմատում տեղի ունենալը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը անում է ամեն ինչ այն փոխելու համար: Այս համատեքստում, անդրադառնալով ԵԽԽՎ-ում քվեարկության ներկայացված և տապալված Ռոբերտ Ուոլթերի զեկույցին, Ադամ Շիֆը այն համարել է վտանգավոր և խիստ միակողմանի՝ ընդգծելով, որ Պետքարտուղարության տարածաշրջանային հարցերով դեսպանը և Պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը ևս աշխատում էին այդ բանաձևի դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին