Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատն արտադրողականության և կառավարման արդյունավետության ավելի քան 20 % աճ է նախատեսվում
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ ծանոթացավ իրականացված ներդրումներին և կոմբինատի զարգացման ծրագրերին:
Նախագահը շրջայց կատարեց կոմբինատի տարածքում, ծանոթացավ ձեռնարկության արտադրողականության և կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում կատարված աշխատանքներին:
Նախագահին ներկայացվեց շուրջ 11 մլրդ դրամ արժողությամբ նոր շահագործման հանձնված աղացը, որը, կոմբինատի մասնագետների հավաստմամբ, կբարձրացնի ձեռնարկության արտադրողականությունը և կառավարման արդյունավետությունը շուրջ 22 տոկոսով:
Նախագահը այցելեց նաև կոմբինատի վերանորոգված ճաշարան, որը օրեկան շուրջ 700 աշխատակիցների է սպասարկում:
Լրագրողների հետ զրույցում Պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության պետ Ղազարոս Բեզիրգանյանը նշեց, որ հիմա հանքարդյունաբերության համար դժվար ժամանակներ են՝ կապված միջազգային շուկայում անբարանպաստ գների հետ, սակայն նոր գնդիկավոր աղացի գործարկմամբ կոմբինատը խնդիր է դրել այս տարի ևս ավելացնել արտադրությունը 10 տոկոսով: Արտադրության պետի խոսքով, աշխատակիցների կրճատումներ ընկերությունում չեն եղել:
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատում նախագահ Սերժ Սարգսյանը անցկացրել է նաև խորհրդակցություն՝ կոմբինատի զարգացման ծրագրերի և հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Քաջատեղյակ էինք, որ քաղաքում ևս 110-120 երեխաների նախակրթարանում տեղավորելու խնդիր կա. Վահե Հակոբյան
- Մեղրիում բացվել է գերժամանակակից ապահովվածությամբ տարածաշրջանային բժշկական կենտրոն