ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելու հարց ներկա փուլում չի քննարկվում. Տատյանա Վալովայա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հարցերի հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի անցնելու հարց ներկա փուլում չի քննարկվում:
Նրա կարծիքով՝ տնտեսական ներկայիս պայմաններում միասնական արժույթի ներդրումը կհանգեցնի տնտեսական բացասական հետևանքների:
«Մենք պետք է ընդլայնենք անդամ երկրների մակրոտնտեսական համագործակցությունը, իսկ դա կարող է արվել ԵՏՄ անդամ-պետությունների միջև կատարվող առևտրաշրջանառության դիմաց ազգային արժույթով վճարումներ կատարելու դեպքում»,- ասաց Տատյանա Վալովայան:
Պատասխանելով հարցին, թե երբ կներդրվի ազգային արժույթներով վճարումներ կատարելու համակարգը, նա նշեց, որ այսօր ԵՏՄ անդամ բոլոր պետությունները հնարավորություն ունեն օգտագործել ազգային արժույթը, բայց դրա համար իրենք պետք է ստեղծեն տնտեսական հիմքեր:
Ըստ նրա՝ հայ գործընկերները ակտիվ աշխատում են ազգային արժույթով վճարումներ կատարելու գաղափարի իրականացման ուղղությամբ:
«Հայաստանի դեպքում հիմնական արտահանումը կատարվում է այլ արժույթով և սա հավելյալ խնդիրներ է ստեղծում: Առաջանում է արժույթի կոնվերտացիայի կարիք՝ դոլարից ռուբլի, հայկական դրամից դոլար և այլն: Ուստի մենք հիմա ակտիվ քննարկում ենք հարցը, թե ինչ գործիքներ կարող ենք ստեղծել ազգային արժույթով փոխանցումներ կատարելու համար, որպեսզի շահավետ լինի: Շատ շուտով կարող է իրականացվել»,- ասաց Տատյանա Վալովայան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին