Իրանը պատրաստ է հինգ անգամ մեծացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները
Այսօր Իրանի գազարտահանման ընկերության գործադիր տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալները կարող են օրական 1 մլն մ3-ից հասնել մինչև 5 մլն մ3-ի, երբ ավարտին հասցվեն Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները: Այդ մասին փոխանցում է իրանական «Mehr» գործակալության կայքը:
Իրանի գազարտահանման ընկերության գործադիր տնօրենը նշել է. «Իրանի և Հայաստանի միջև գազի և էլեկտրաէներգիայի վերաբերյալ կնքված պայմանագրի երկրորդ փուլում նախատեսվում է կառուցել էլեկտրահաղորդման գծեր: Կանխատեսվում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ավարտին կհասցվի Հայաստան-Իրան 400 կՎ լարման երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որից հետո հնարավոր կլինի մեծացնել Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալները»:
Նկատենք, որ երկու երկրների միջև կնքված պայմանագիրը հնարավորություն տալիս է մեծացնելու Իրանից Հայաստան արտահանվող գազի ծավալները մինչև օրական 5 մլն մ3: