ԱՄՆ-ի մարզիկները կարող են չմասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին
ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեն հաղորդել է, որ ամերիկացի մարզիկները կարող են բաց թողնել Ռիոյում կայանալիք օլիմպիական խաղերը, եթե Զիկա վիրուսի վտանգը վերացված չլինի: Այս մասին հայտնում է «Reuters»-ը: Մարզական բոլոր ֆեդերացիաներն արդեն համապատասխան հանձնարարականներ են ստացել:
Ավելի վաղ «Ռիո-2016»-ի կազմկոմիտեն նշել է, որ ուշադիր հետևում է Բրազիլիայում վիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակին: Կազմկոմիտեի տնօրեն Մարիո Անդրադան հայտարարել է, որ իրենք կհետևեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր ցուցումներին՝ կապված համաճարակի հետ:
Այդուհանդերձ, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը վստահություն է հայտնել, որ Զիկան մոլորակի լավագույն մարզիկներին չի խանգարի մասնակցել 2016 թ. Օլիմպիական խաղերին: Նրա խոսքերով՝ խնդրի լուծման համար դեռ ժամանակ կա:
Հիշեցնենք, որ հիվանդության բռնկման դեպքեր են գրանցվել Ասիայում, Աֆրիկայում, Հարավային ու Հյուսիսային Ամերիկայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Արևմյան կիսագնդում վիրուսը շատ ավելի արագ է տարածվում: Այս տարի հիվանդության դեպքեր են արձանագրվել 33 երկրում: Բրազիլիայում վիրուսի տարածողը «Aedes aegypti» մոծակն է: Իշխանությունները հատուկ արշավ են իրականացնում, որպեսզի համոզեն բնակչությանը՝ ամեն օր ստուգվելու ու մոծակների բեղմնավորման հնարավոր վայրերը ոչնչացնելու համար: