Հայաստանից մեկնողների թիվն ավելացել է
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2016 թվականի հունվարին ավելին է եղել, քան ժամանողներինը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, 2016թ. հունվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 137 303 ուղևոր` 2015 թվականի նույն ժամանակահատվածի 131 916 ուղևորի համեմատ:
Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի, Հայաստան է ժամանել 65 745 մարդ` 2015 թվականի 63546-ի դիմաց, իսկ հունվարին մեկնել է 71 558 մարդ, ինչը նախորդ տարվա հունվարի համեմատ 3188-ով ավելի է:
Հունվարին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 708 տոննա բեռ, իսկ 2015թ-ի հունվարին` 428 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 470 տոննա բեռ (2015թ-ին՝ 239 տոննա), ներկրվել` 238 տոննա բեռ (2015թ-ին՝ 189 տոննա):
Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվարին կազմել է 680` 2015թ-ի 727-ի դիմաց:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանով էլ այս տարվա հունվարին Հայաստան է ժամանել 879 մարդ (2015թ-ին՝ 676), մեկնել` 1390 մարդ (2015թ-ին՝ 982):