ԱԱԾ-ն երկակի ստանդարտներ է կիրառում Վահան Շիրխանյանի նկատմամբ. Փաստաբան
Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը այսօր դիմելու է ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության պետին` խնդրելով միջնորդել իր պաշտպանյալին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: Այժմ Շիրխանյանը կալանքը կրում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց փաստաբան Ոսկանյանը:
«Պարոն Շիրխանյանը տրոմբի խնդիր ունի ոտքի երակներում, մի քանի երակներ հեռացված են: Հիմա նրանք պետք է իրեն բուժող բժիշկները զննեն և եթե անհրաժեշտություն լինի նաև վիրահատեն», -փոխանցեց պարոն Ոսկանյանը:
Փաստաբանը տեղեկացրեց, որ իրենք նախաքննություն իրականացնող ԱԱԾ քննչական վարչությանը միջնորդություն են ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխելու մասին, բայց վարույթն իրականացնող մարմինը մերժել է իրենց միջնորդությունը: Նախաքննական մարմինը, ըստ Ոսկանյանի, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, որպեսզի իրականացվի լրացուցիչ հարցաքննություն:
«Քանի որ պարոն Շիրխանյանը մեղադրանքը չէր ընդունում և ասում էր` եթե ունեք լրացուցիչ հարցադրումներ, ես պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել: Իրականությունը, ինչ հայտնի է պարոն Շիրխանյանին, նա հայտնել է, որևէ այլ հանգամանք նա չի ներկայացրել և չկա էլ, որ ներկայացնի: Այլ գործողություններ մենք չենք ձեռնարկել», -հավելեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Մեր դիտարկմանը, թե զինված հանցախմբի գործով վերջին շրջանում բազմաթիվ անձինք կալանքից ազատ արձակվեցին և եթե նույնը չի կիրառվել Շիրխանյանի մասով, կարելի է ենթադրել, որ նախաքննական մարմինը հիմնավորված է համարում նրան առաջադրված մեղադրանքը, Ստեփան Ոսկանյանը արձագանքեց.
«Մենք խափանման միջոցը փոխելու մեր միջնորդության մեջ այդ մասին մանրամասն նշել էինք և նաև ասել էինք, որ վարույթն իրականացնող մարմինը` ԱԱԾ քննչական վարչությունը, փաստորեն, երկակի ստանդարտներ է կիրառում և միևնույն մեղադրանքի պայմաններում որոշ անձանց մասով գտնում է, որ դրսում մնալով չեն խանգարի քննությանը, բայց պարոն Շիրխանյանի դեպքում, չգիտես` ինչու, այդ մտավախություններն ու ենթադրությունները առկա են»:
Շիրխանյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու համար:
Ըստ նախաքննական մարմնի, Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված զինված խմբի, թիրախում եղել են քաղաքացիներ, իշխանության առանձին ճյուղեր, ու պետական մարմիններ: Այդ գործի շրջանակներում կալանավորվել են 2 տասնյակից ավելի անձինք, այդ թվում նաև` կանայք:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանը ցուցմունք է տվել, որ ծանոթ է եղել Արթուր Վարդանյանի հետ
- Վահան Շիրխանյանը հանկարծակիի է եկել կատարվածից. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան