Իրանի ԱԳՆ-ն կուսումնասիրի Ադրբեջանի ԱԱ նախկին նախարարի՝ վահաբիներին զինելու հարցը
«Իրանի ԱԳ նախարարությունը կուսումնասիրի Ադրբեջանի ԱԱ նախկին նախարարի՝ վահաբիների հետ համագործակցելու հարցը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանն անդրադարձել է վերջերս պաշտոնանկ արված Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի՝ վահաբիների հետ ունեցած համագործակցությանն առնչվող հարցին:
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերին ծառայողական դիրքը չարաշահելու, ներդրումային կառույցի աշխատանքին միջամտելու, քաղաքացիների իրավունքները խախտելու կասկածանքով ձերբակալվել էին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցներ: Գործի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով ազգային անվտանգության նախարարի պաշտոնից ազատվել էր նաև Էլդար Մահմուդովը:
«Մամուլում առկա հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանի ԱԱ նախկին նախարարը Կովկասում վահաբիներին զինելու գործում զգալի դերակատարություն է ունեցել և սերտ համագործակցել է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հետ»,-նման հարցադրում է արել լրագրողներից մեկն ու հավելել. «Արդյո՞ք վերոնշյալ համագործակցությունը վնաս չի հասցրել Իրանի շահերին»:
Ի պատասխան սույն հարցադրմանը՝ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, պատասխանել է. «Ձեր բարձրացրած հարցը կուսումնասիրվի, և եթե որոշակի հանգամանքներ լինեն, դրանց մասին կտեղեկացնենք»: