2016թ-ին կլինի ոչ մեծ, բայց բավարար տնտեսական աճ ԵԱՏՄ-ում. Տատյանա Վալովայա
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հարցերի հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ հաշվի առնելով նաև ներկայիս տնտեսական դժվարությունները՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման որոշումը ճիշտ էր:
Նրա խոսքերով՝ շատ փորձագետներ հաճախ ասում են, որ 2015թ-ին Եվրասիական տնտեսական միությունը չի արդարացրել սպասելիքները, քանի որ տնտեսական աճի տեմպերը չեն մեծացել և այլն: «Իհարկե, մենք այս ամենը շատ լավ տեսնում ենք, գնահատում ենք, սակայն մենք այս հարցում այլ մոտեցում ունենք: Եթե մենք չստեղծեինք ԵԱՏՄ-ն, միության անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելի շատ կկրճատվեր, մինչդեռ անդամ-պետությունների միջև առևտրի ծավալներն ավելի քիչ են նվազել, քան երրորդ պետությունների հետ»,- ընդգծեց Տատյանա Վալովայան:
Ըստ նրա՝ 2015թ-ը ԵԱՏՄ-ի համար, ընդհանուր առմամբ, բացասական էր, թեև միության անդամ պետություններն առանձին վերցրած, ունեցել են նաև դրական տեղաշարժ: «Բայց 2016թ.-ի համար մենք՝ որպես ԵԱՏՄ կոլեգիա, ունենք բավական զգույշ, բայց դրական կանխատեսումներ, որ կլինի ոչ մեծ, բայց բավարար տնտեսական աճ ամբողջ միության մեջ: Դա կլինի շնորհիվ այն բանի, որ միության անդամ երկրները կարող են օգտվել այն հնարավորություններից, որոնք տալիս է միությունը: Խոսքը գնում է ապրանքների, ծառայությունների և կապիտալի միասնական շուկա ստեղծելու մասին»,- նշեց Տատյանա Վալովայան:
Անդրադառնալով Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, նա ընդգծեց, որ ինտեգրացումը բավական հաջող է ընթանում: «Տնտեսական ոլորտում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցությունը շատ թույլ է եղել: Իսկ հիմա Հայաստանը և Ղրղզստանը առևտրաշրջանառության ծավալների թեև փոքր, սակայն որոշակի աճ են գրանցել, իսկ մինչև միասնական տնտեսական տարածքի ստեղծումը միության անդամ երկրների առևտրաշրջանառությունը հիմնականում մեծ էր Ռուսաստանի հետ: Օրինակ՝ հիմա տեսնում ենք, որ Բելառուսի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելի արագ տեմպերով են աճում, քան Ռուսաստանի և Բելառուսի կամ Ռուսաստանի և Ղազախստանի միջև առևտրի ծավալները»,- ասաց Տատյանա Վալովայան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան