Արտագաղթի տեմպերը շարունակաբար աճում են. Ժողովրդագրագետ
2012-2015 թվականների ընթացքում Հայաստանից միջին հաշվով մեկնել ու չի վերադարձել 35 հազար մարդ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը` ներկայացնելով 2012-2015 թվականներին իրականացրած հետազոտության արդյունքները:
«Արտագաղթի տեմպերը շարունակաբար աճում են, և այդ երևույթը ահագնացող տեմպեր ունի շատ վաղուց», -նշեց պարոն Եգանյանը:
Նրա ներկայացրած տվյալներով, Հայաստանից մեկնած ու չվերադարձած մարդկանց կեսը տևական աշխատանքային միգրանտներն են, որոնք անորոշ ժամանակով մեկնում են երտերկիր ու հաստատվում այնտեղ: Իսկ մյուս կեսն էլ մշտական էմիգրանտներն են, որոնք մեկնում են այլևս չվերադառնալու նպատակով: Ինչ վերաբերում է մեկնողների տարիքային կազմին, ապա ըստ ժողովրդագրագետի, նրանք հիմնականում աշխատանքային ակտիվ տարիքի մարդիկ են ու հիմնականում տղամարդիկ են` մոտ 85 տոկոսը և ընդամենը 15 տոկոսը` կանայք:
«Արտագաղթը վաղուց ի վեր ահագնացող տեմպեր ունի, այնպես որ դա նոր երևույթ չենք կարող համարել. սկսած 90-ականներից մինչև այսօր արտագաղթը անընդհատ կա և կարծես թե վերջին տարիների տվյալները վկայում են, որ արտագաղթի տեմպերը աճման միտում ունեն», -նկատեց մասնագետը:
Նրա խոսքով, արտագաղթի պատճառները նույնն են ու տարիների ընթացքում փոփոխություն չեն կրել` տնտեսական վատ վիճակ, աշխատատեղերի բացակայություն, աշխատավարձի ցածր մակարդակ, ինչպես նաև բարոյահոգեբանական գործոններ` մարդիկ իրենց ապագան երկրի հետ չեն կապում:
«Բարոյահոգեբանական գործոնները շատ ծանր են, մարդիկ չեն կապում իրենց ապագան երկրի հետ, հուսախաբության մթնոլորտ են նկատում, դրական միտում չեն տեսնում և ընտրում են մեկնելու ճանապարհը ու փորձում են այլ տեղ որոնել իրենց բախտը երջանկությունը», -հավելեց մեր զրուցակիցը:
Հայաստանից արտագաղթի տեմպերի վերաբերյալ հետազոտությունը պետության պատվերով է, իրականացվել է պետբյուջեի միջոցով ու արվել է պետական քաղաքականության մշակման, վարման նկատառումներով: Հետազոտության հեղինակները, Եգանյանի փոխանցմամբ, առաջարկություններ են արել պետական ծրագիր մշակողներին` կառավարությանը:
«Առաջարկները նույնն են, ինչ արվում է շարունակաբար` լրացուցիչ աշխատատեղերի ստեղծում, էկոնոմիկայի, մասնավորապես արդյունաբերության զարգացում, ընդհանրապես երկրի առողջացում, որովհետև միգրացիան համակարգային երևույթ է և պայմանավորված է երկրի բոլոր իրավիճակներով ու իրողություններով` սոցիալական, բարոյահոգեբանական, քաղաքական: Արտագաղթի վրա ներազդումը ենթադրում է դրա պատճառների վրա ներազդում: Եթե մենք նպատակ ենք հետապնդում միգրացիայի քիչ թե շատ կարգավորման ավելի ընդունելի ծավալային ու որակական գնահատականների ստացման, ապա մենք պետք է փորձենք մեր ողջ համակարգը բարենորոգել: Որովհետև առանց տնտեսական իրավիճակի փոփոխության հնարավոր չէ բարոյահոգեբանական իրավիճակի փոփոխություն, առանց քաղաքական համակարգի առողջացման հնարավոր չէ ոչ տնտեսական համակարգի կարգավորում, ոչ էլ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացում», -հավելեց նա:
Հետաքրքրվեցինք, թե նա արդյոք տեսնո՞ւմ է փոփոխություններ, առողջացում իրականացնելու կամք, գործադրվո՞ւմ են այդ ուղղությամբ ջանքեր, Եգանյանը պատասխանեց. «Առայժմ չեմ տեսնում, մեղքս ինչ թաքցնեմ»: