Նախորդ տարի ռուսաստանցիների աշխատավարձը նվազել է 9.5%-ով
2015 թվականին Ռուսաստանում իրական աշխատավարձը նվազել է 9,5 %-ով: Այս մասին հայտարարել է ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինը, գրում է rg.ru-ն:
Նրա խոսքերով՝ աշխատավարձի անկումը եղել է շատ ավելի մեծ, քան նախորդ տարիների ճգնաժամի ժամանակ:
«Նույնիսկ 2000-ականների վերջին չի եղել այդպիսի մեծ նվազում: Եւ այս իրավիճակը մեզ շատ է մտահոգում»,- հայտարարել է նախարարը:
Աշխատավարձի իջեցումը կհանգեցնի ռուսաստանցիների կենսամակարդակի անկման: Ավելի վաղ ֆինանսների նախարարությունում կարծում էին, որ աշխատավարձերի կրճատումը կօգնի հավասարակշռել տնտեսությունը և բարձրացնել մրցունակությունը Ռուսաստանում: ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեևի խոսքերով՝ նախկինում Ռուսաստանում աշխատավարձերն աճում էին ավելի արագ, քան աշխատանքի արտադրողականությունը, բայց հիմա իրավիճակը փոխվում է: