Օրանժ Արմենիան խրախուսում է համացանցի ապահով օգտագործումը
Ավելի քան 100 երկրներում այսօր նշվում է Ապահով համացանցի օրը: Արդեն հինգերորդ տարին անընդմեջ այս օրվա առթիվ` Օրանժ Արմենիան, «Հայաստանի ինտերնետ հանրություն» և «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների հետ համատեղ, նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» լայնածավալ ծրագիրը՝ նպատակ ունենալով համացանցն ավելի ապահով դարձնել երեխաների համար: Այս մասին հայտնում են Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«Ապահով համացանց Հայաստան» նախաձեռնության շրջանակներում 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ և ուսումնական նյութեր: Բացի այդ, կկազմակերպվեն հատուկ ծնողական ժամեր, որոնց ընթացքում կշոշափվեն համացանցի ապահով օգտագործմանն առնչվող խնդիրներն ու ռիսկերը, ինչպես նաև լիարժեք տեղեկատվություն կտրամադրվի երեխաների համար համացանցն ավելի ապահով դարձնելու տեխնիկական լուծումների վերաբերյալ:
«Հայաստանում օրեցօր աճում է համացանցի օգտատերերի թիվը. ինտերնետը յուրաքանչյուրիս առօրյայում ազդեցիկ տեղ է զբաղեցնում: Ինտերնետի աճող հասանելիությունն անշուշտ ընձեռում է կրթության և զարգացման լայն հնարավորություններ, սակայն, միևնույն ժամանակ անհրաժեշտություն ստեղծում ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների համար համացանցն ապահով դարձնելու խնդրին: Այս պատճառով արդեն հինգերորդ տարին անըդնմեջ մեր գործընկերների հետ միասին նախաձեռնում ենք այս ծրագիրը՝ համացանցի օգտատերերին կրթելու և անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը բարելավելու համար»,- նշել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը:
Այս տարի «Ապահով համացանց Հայաստան» ծրագրում համացանցի ապահովությանն ուղղված միջոցառումներից բացի արտահայտված է նաև կրթական բաղադրիչը: Համացանցում երեխաների անցկացրած ժամանակն ավելի բովանդակալից դարձնելու համար ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել www.edublogs.am կրթական պորտալ: Այստեղ դպրոցականները կկարողանան գտնել զանազան կրթական նյութեր, դիտել դասընթացների ձայնագրություններ, հետևել ուսուցիչների կողմից ստեղծված առարկայական բլոգների և այլն: Երևանի և մարզերի դպրոցների 100 ուսուցիչների համար կանցկացվեն բլոգների ստեղծման և Scorm ստանդարտների դասընթացներ:
«Փորձը ցույց է տալիս, որ ՏՀՏ-ների ստեղծագործական կիրառումը դասապրոցեսում խթանում է պոզիտիվ բովանդակության օգտագործումը: Տեղեկատվական տեխնոլոգիաներն ակտիվորեն օգտագործող երեխաները, ավելի հեշտությամբ են կարողանում հաղթահարել համացանցի ռիսկերն ու դիմակայել դրա հնարավոր բացասական ազդեցությանը»,-ասել է «Ապահով Համացանց Հայաստան» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը:
Համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և խորհուրդներ կարելի է գտնել www.safe.am կայքում:
«Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը սկսած 2004 թվականից նշվում է յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնելով իր շրջանակները, համախբում է մարդկանց` պայքարելու ապօրինի, վնասակար և անցանկալի բովանդակության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան