ԵԱՏՄ-ում ոչ միայն պետք է ներկայացնենք մեր գյուղմթերքները, այլ՝ մեր գիտական միտքը. Թաթուլ Մանասերյան
Եվրասիական տնտեսական միությունը կայացման փուլում է, և դեռևս տնտեսական մեխանիզմների ձևավորման խնդիրներ կան: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ի հետագա քայլերին:
Ըստ նրա՝ շատ կարևոր է գիտակցել, որ սա այն ձևաչափն է, որտեղ ոչ միայն պարզ համագործակցություն է պահանջվում, այլև ազգային մրցակցային առավելությունների ուղղակի համադրում:
«ԵԱՏՄ-ում տնտեսական քաղաքականության ձևավորման գործում ազգային մրցակցային առավելություններին պետք է մեծ տեղ հատկացնել: Ցավոք սրտի, նույնիսկ ԵԱՏՄ հիմնադիր պետությունները՝ Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, մինչ օրս ավելի շատ մրցակցում են, քան համագործակցում: Տնտեսվարողները, ձեռնարկություններն ավելի շատ մեկը մյուսին շուկայից հանելու նպատակ ունեն, ինչը գալիս է ինքնաբերաբար, քանի որ հետխորհրդային տարածքում իրական տնտեսական համադրված համագործակցություն չի եղել»,- նշեց տնտեսագետը:
Թաթուլ Մանասերյանի խոսքերով՝ պետք է ճիշտ մեխանիզմներ ձևավորվել, որոշ ոլորտների գրավչությունը բարձրացնել և ներդրումների առումով դրանք հրապուրիչ դարձնել օտարերկրացիների համար:
Հայաստանն այստեղ, ըստ տնտեսագետի, լուրջ անելիքներ ունի:
«Մեզանում կա պարզունակ մտածելակերպ, որ Հայաստանը միայն գյուղմթերքներով կարող է ներկայանալ Եվրասիական տնտեսական միությանը, մինչդեռ մենք ունենք գիտական ճյուղեր, որոնք այսօր հնարավոր է բացարձակ մրցունակ չլինեն, բայց դրանց պահանջարկը կա թե ԱՊՀ երկրներում, թե ԵԱՏՄ անդամ-պետություններում»,-ընդգծեց Թաթուլ Մանասերյանը:
Ներկայացնելով Հայաստանի մրցակցային առավելությունները՝ տնտեսագետը նշեց, որ դրանք կարող են լինել տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ բացարձակ առաջատար է Հայաստանը, ինչպես նաև քիմիայի բնագավառում, առողջապահության և մի շարք այլ որոլտներում մեր ձեռքբերումները:
«Օրինակ՝ առողջապահության ոլորտում կան առանձին ճյուղեր, որոնք բարձր որակի ծառայություններ են մատուցում՝ ակնաբուժությունը, սրտաբանությունը, դեղագործությունը: Մենք պետք է մեր գիտական միտքը ներկայացնենք աշխարհին»,- ասաց տնտեսագետը:
Անդրադառնալով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նշանակվելուն, Թաթուլ Մանասերյանը նշեց, որ նախկին վարչապետը բավականին փորձառու է և բանիմաց:
«Նա ոչ միայն տնտեսագետ է, այլ նաև պրակտիկ փորձ կարողացավ ձեռք բերել Հայաստանի տնտեսությունը կառավարելու տարիներին: Կարծում եմ, որ միության անդամ-պետությունների հետ կարող է բավականին հմուտ ձևով գտնել այն ճանապարհները, որոնք կարող են տանել փոխշահավետ ինտեգրացիայի»,- ասաց Թաթուլ Մանասերյանը: