Իրանի զինված ուժերը համալրվել են «Նասր» մոդելի թևավոր հրթիռներով
«Իրանի զինված ուժերը համալրվել են «Նասր» մոդելի թևավոր հրթիռներով»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարարության ռազմական արդյունաբերության կազմակերպության կողմից նախագծված և արտադրված «Նասր» մոդելի հականավային թևավոր հրթիռային համակարգերը ԻԻՀ ՊՆ-ն փոխանցել է բանակի ռազմաօդային ուժերին:
Հիշեցնենք, որ օրերս Պարսից ծոցում Իրանի բանակի ռազմածովային ուժերի կողմից անցկացվող լայնածավալ զորավարժության ընթացքում փորձարկվել է «Նուր» մոդելի թևավոր հրթիռը, որն ունի 150 կմ հեռահարություն:
Հավելենք նաև, որ ԻԻՀ բանակի ընդհանուր հրամանատար, բրիգադի գեներալ Աթաոլլահ Սալեհին օրերս լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերին, որոնք առնչվում են Իրանի հրթիռային համակարգին, մասնավորապես նշել է. «Մենք դրանք ոչ կատարում ենք, ոչ էլ դրանց ուշադրություն ենք դարձնում: Այդ բանաձևերին չհետևելը չի հակասում միջուկային համաձայնությանը»: Մենք մեր գործն ենք անում և ապագայում հրթիռների հետ կապված մեր ծրագրերին ավելի մեծ ուշադրություն կդարձնենք և մեր հրթիռներն ավելի ուժեղ և ավելի ճշգրիտ կլինեն»: