Այլևս ամոթ է մեզ համար ներառական կրթության անհրաժեշտության մասին խոսելը. Զ. Բաթոյան
Այսօր ներառական կրթության խնդիրը հաղթահարված է, կան շուրջ 150 ներառական դպրոցներ և մինչև 2020 թվականը կունենանք ընդհանուր ներառական կրթական համակարգ: Լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Անդրադառնալով փաստին, որ Կառավարությունը 2016 թվականը հայտարարել է հավասար հնարավորությունների տարի, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նշեց. «2016-ին մշակում ենք բազում կարգեր, ծառայություններ և բոլոր մարզերում ունենալու ենք գնահատման կենտրոններ, որոնք աշխատելու են իրենց տարածքների հանրակրթական դպրոցների հետ»:
Նա տեղեկացրեց, որ այս տարվա ծրագրով նախատեսվում է 20-ից ավելի դպրոցների վերանորոգում, որոնք կունենան բարենպաստ պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Նարինե Հովհաննիսյանը նաև նկատեց, որ բարեփոխումները հնարավոր չեն առանց հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության:
«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք»-ի տնօրեն Զարուհի Բաթոյանն էլ ընդգծեց, որ ներառական կրթության ոլորտում բազմաթիվ ձեռքբերումներ են գրանցվել և շարունակվում են:
«Շատ կցանկանայի, որ այս տարի գործընթացին ներառված գերատեսչություններին ու կազմակերպություններին միանան նաև նրանք, որոնք գտնում են, որ խնդիրն իրենց չի վերաբերում, ինչպես օրինակ տուրիզմի, մշակույթի ոլորտի գերատեսչություններն ու կազմակերպությունները»,-ասաց Զարուհի Բաթոյանը:
Նրա խոսքերով՝ այլևս ամոթ է մեզ համար ներառական կրթության անհրաժեշտության մասին խոսելը, դա օրենք է և պետք է արվի:
Զ. Բաթոյանը նկատեց, որ հաշմանդություն ունեցողները միայն սայլակ ունեցողները չեն և միջավայրը պետք է հարմարեցված լինի ինչպես շարժողական, այնպես էլ տեսողական, լսողական, հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց համար. «Մատչելի միջավայրը միայն թեքահարթակը չէ»:
«Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանն էլ ավելացրեց, որ այս տարվանից ակնկալիքները շատ են, իսկ տարվող աշխատանքները պետք է շղթայական լինեն՝ մանկապարտեզից մինչև աշխատավայր:
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը վերջում ավելացրեց, որ կա նաև հոգեբանական մոտեցման դրական փոփոխություն, ինչպես աշակերտների, այնպես էլ ծնողների կողմից ներառական համակարգի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները