Ձկնաբուծության ոլորտի աճի և ջրի անարդյունավետ օգտագործման պատճառով նվազել են Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսները. ԱՄՆ ՄԶԳ
«Արարատյան դաշտավայրն ապահովվում է Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի 40 տոկոսը, տարիներ շարունակ դաշտավայրն ապահովել է խմելու, ոռոգման, Մեծամորի ատոմակայանի սառեցման համար ջուր, սակայն դաշտավայրն ունի ստորերկրյա ջրերի լուրջ խնդիր»,- այս մասին այսօր ահազանգեց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի մեկնարկին:
Հիլիարդը նաև ասաց, որ ձկնաբուծության ոլորտի աճի և ջրի անարդյունավետ օգտագործման պատճառով զգալի նվազել են Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներ՝ հավելելով, որ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրությունն ընդգծել է ստորերկրյա ջրային պաշարների կրճատման հետ կապված մտահոգիչ իրավիճակը:
Ըստ ուսումնասիրության՝ ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման և ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերից չկարգավորված ջրառի հետևանքով Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի: Իսկ դա, ըստ Ք. Հիլիարդի, նշանակում է, որ ջրի պակասությունը սպառնում է երկրի գյուղատնտեսական ոլորտին, նշված մարզերի սոցիալ-տնտեսական և բնապահպանական վիճակի վատթարացմանը:
Քարեն Հիլարդը նաև մտահոգություն հայտնեց Արարատյան դաշտում բնակվող 260 հազար մարդկանց ջրի խնդիրների մասին:
Նրա խոսքերով՝ այս խնդիրներն աստիճանաբար կարգավորելու համար պատրաստ են ներմուծել գերժամանակակից տեխնոլոգիաներ, գտնել դոնորներ, որպեսզի ստորերկրյա ջրերը արդյունավետ օգտագործվեն:
«Ձկնարտադրողների և ձկնահանողների միասնություն» կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հիլիարդի հայտարարությանն՝ ասաց, որ ծրագիրը մի շարք թերություններ ունի, տրամադրված տեղեկատվությունը վաղեմի հնության է:
Նրա խոսքերով՝ տարիներ շարունակ ապօրինի ջրօգտագործման մասսայական երևույթներ չեն եղել, այլ եղել են հատուկենտ դեպքեր:
«Սակայն բնապահպանության նախարարությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել, որոնց արդյունքում Արարատյան դաշտավայրի ջրօգտագործման ռեժիմը բերվել է կառավարման մակարդակի: Արդյունքում, վերականգնվել է Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրավազանը»,- ասաց նա:
Ա.Աթոյանը անդրադառնալով ուսումնասիրությանը, որի համաձայն՝ Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի, նշեց, որ Արարատյան արտեզյան ավազանի ջրերից տնտեսական նկատառումներով շատ քիչ գյուղեր են օգտվում:
«Այդ ջրավազանի ջրերը հիմնականում օգտագործվում են ոչ թե կենցաղային, այլ տնտեսական նպատակներով: Այն գյուղերը, որոնք ջրազրկվել են, դա ամենևին կապ չունի ձկնաբուծական տնտեսությունների աշխատանքի հետ»,-նշեց Արթուր Աթոյանը:
Երևանում այսօր պաշտոնապես մեկնարկած եռամյա ծրագիրը միտված է նվազեցնելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները ու ապահովելու ռեսուրսների կայուն պահպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները