ՀՀ հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան խոստանում է ավելին
ՀՀ հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան փետրվարի 9-ին նախագահության նիստ է գումարել: Ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրել է 2015 թ. ընթացքում իրականացված ծրագրերն ու տարվա գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես` հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի 2015 թ. մարզական և զանգվածային միջոցառումների ծրագրով նախատեսվել և մեծահասակների, երիտասարդների ու պատանիների համար անցկացվել են մի շարք հանրապետական առաջնություններ՝ խճուղային և հեծանվահրապարակային մարզաձևերով: Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան աննախադեպ արդյունքներով մասնակցել է նաև եվրոպական և աշխարհի առաջնությունների՝ եվրոպական առաջին խաղեր, հեծանվահրապարակի՝ Եվրոպայի երիտասարդական առաջնություն, հեծանվահրապարակի աշխարհի երիտասարդական առաջնություն, Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոն:
«Մեր Էդգար Ստեփանյանն անցյալ տարվա ընթացքում նախ նվաճել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի կոչումը, ապա դարձել աշխարհի փոխչեմպիոն: Հայաստանցի ոչ մի այլ մարզիկ 2015 թ. ընթացքում նման արդյունք չի գրանցել: Ընդ որում՝ սա մարզաձևի առաջին ոսկե մեդալն էր Հայաստանի ամբողջ մարզական պատմության ընթացքում (ներառյալ խորհրդային ժամանակաշրջանը) Եվրոպայի առաջնությունից»,- hայտարարել է ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը:
Մեր մարզիկները մասնակցել են Աստանայում կայացած աշխարհի, Աթենքում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնություններին, Լեհաստանում, Մոսկվայում, Իրանում կազմակերպված միջազգային մրցաշարերին, պատանեկան փառատոնին, Համահայկական խաղերին, կազմակերպվել են անհրաժեշտ ուսումնամարզական հավաքներ: Հեծանվային մարզաձևի մասսայականության առումով հատկապես կարևորվել է սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ կազմակերպված՝ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված «Անկախ սերունդ, առողջ սերունդ» նշանաբանով «ԱԺ նախագահի գավաթ» մասսայական հեծանվավազքը, որին մասնակցել են ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ հեծանվորդներ: Այս մասին հատնում է Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան:
Ֆեդերացիան կարողացել է կատարել պետական պատվերն ամբողջությամբ և անգամ գերակատարել: Նախատեսված 6 միջոցառումների փոխարեն իրականացվել են 11-ը: Ոչ պետական ներդրումների շնորհիվ ֆեդերացիայի բյուջեն 2015 թ. կազմել է 17 միլիոն դրամ, որը ներդրվել է մարզաձևի զարգացման ամենահրատապ ուղղություններով:
Արման Սահակյանը վստահեցրել է մասնակիցներին, որ թիմը չի բավարարվի ձեռք բերածով: Նիստը եզրափակվել է ընտրություններով. ֆեդերացիայի փոխնախագահներ են ընտրվել Աշոտ Խաչատրյանն ու Մարտին Շարբաթյանը, պատասխանատու քարտուղար՝ Վահագն Թուխարյանը: Ընտրվել են նաև ֆեդերացիայում գործող հանձնաժողովների նախագահները: