Գրիբոյեդովի մասին ֆիլմի նկարահանումները 30 տարով հետաձգվել էին Ղարաբաղի պատճառով. Միխալկով
Ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» պիեսի հեղինակ Ալեքսանդր Գրիբոյեդովի կյանքի և մահվան մասին ֆիլմում բնության հատվածների նկարահանումները, որոնք նախատեսված էին Թուրքիայում, հնարավոր է տեղափոխվի Իրան: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:
«Մենք ունենք շատ լավ սցենար՝ «Ալեքսանդր Գրիբոյեդովի կայնքն ու մահը»: Մենք այն գրել ենք 30 տարի առաջ. այն ժամանակ չենք կարողացել նկարահանել Ղարաբաղի պատճառով: Բայց այսօր պատրաստ ենք նկարահանել ֆիլմը, գտել ենք ամբողջ բնությունը Թուրքիայում, բայց հիմա էլ ինչ՜ Թուրքիա… Սպասում ենք»,- ասել է նա:
Միխալկովը նաև հնարավոր է համարել, որ բնության հատվածների նկարահանումները տեղափոխվի Իրան:
«Ես խոսել եմ Իրանի դեսպանի հետ: Հնարավոր է, այն, ինչ նախատեսել էինք նկարահանել Թուրքիայում, նկարահանենք Թեհրանում»:
Նա նաև հայտնել է, որ սցենարը գրել է հինգ տարվա ընթացքում, և աշխատանքի արդյունքում հայտնաբերել է «անհավանական փաստաթղթեր», այդ թվում նաև ՌԴ-ի ԱԳՆ-ի արխիվից:
«Օրինակ, մենք ապացուցել ենք, որ Գրիբոյեդովի սպանողը ոչ թե «մահմեդական մոլեռանդ ամբոխն էր», այլ պլանավորված և սառը քաղաքական սպանություն է եղել՝ նախատեսված և իրականացված անգլիացիների կողմից»:
Նշենք, որ Ալեքսանդր Գրիբոյեդովը 1819թ. փետրվարին այցելել է Էջմիածնի վանք, ծանոթացել հայկական պատմական հուշարձաններին: 1822թ. Թիֆլիսում եղել է Կովկասի ռուսական զորքերի հրամանատարությանն առընթեր դիվանագիտական մասի քարտուղար: Գեներալ Պասկևիչի բանակում մասնակցել է Երևանի, Սարդարապատի, Նախիջևանի ազատագրմանը: 1827թ. Երևանի բերդի առումից հետո պարգևատրվել է «Երևանի գրավման համար» մեդալով: 1828թ. փետրվարի 10-ին Գրիբոյեդովը մասնակցել է Թուրքմենչայի պայմանագրի կնքմանը, նրա առաջարկությամբ մտցվել է 15-րդ կետը, որով 40 հազար պարսկահայի թույլատրվել է ներգաղթել Արևելյան Հայաստան: Երևանում 1975թ. կանգնեցվել է Գրիբոյեդովի արձանը: Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կան նրա անվան փողոցներ և դպրոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում