ՀՊԵՆ երաժիշտները վարպետության դասեր են անցել Բեռլինում
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները պարբերաբար գործուղվում են աշխարհում մեծ համբավ ունեցող նվագախմբեր՝ առաջնակարգ այդ կոլեկտիվներում վերապատրաստվելու համար։ Այս մասին հայտնում են ՀՊԵՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Մասնավորապես, Երիտասարդական նվագախմբի հինգ երաժիշտներ՝ ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանը, հոբոյահար Տիգրան Վարդանյանը, կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը, ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը, գալարափողահար Արմեն Կարագյանը, հունվարի 27-29-ը մեկնել են Գերմանիա՝ վարպետության դասեր անցնելու Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետում։
Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը շատ արդյունավետ գնահատել Բեռլինի ֆիլհարմոնիկի փողային կվինտետի երաժիշտների դասընթացները։ Անհատական մասնագիտական պարապմունքներից բացի, օրը երկու ժամ պարապմունքներ են անցկացրել նաև փայտափողային կվինտետի հետ։ Նիկոլայ Պողոսյանը նշել է, որ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբն աշխարհում մրցակցությունից դուրս է, ու նման կոլեկտիվի երաժիշտների հետ համագործակցությունը ցանկացած երաժշտի համար մեծ ձեռքբերում է։
Նիկոլայ Պողոսյանը նկատել է, որ Բեռլինի ֆիլհարմոնիկի երաժիշտները նույնպես ուրախ էին համագործակցության համար և հատկապես շեշտում էին հայ երաժիշտների կատարողական բարձր վարպետությունը։ Բեռլինի ֆիլհարմոնիկի երաժիշտները հույս են հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի, և որպես շարունակականության արդյունք՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում համատեղ համերգ կազմակերպել Բեռլինի ֆիլհարմոնիկի փողային կվինտետի և Երիտասարդական նվագախմբի փողային անսամբլի մասնակցությամբ։
Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կվինտետը հիմնադրվել է 1988թ.՝ Հերբերտ ֆոն Կարայանի կողմից Բեռլինի ֆիլհարմոնիկը ղեկավարելու տարիներին։ Այն աշխարհահռչակ նվագախմբերի կազմում ստեղծված առաջին փողային կվինտետն է, որն ունի կամերային երաժշտության հարուստ ավանդույթներ։ Փողային կվինտետի անդամները Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներ են, ովքեր, համերգային գործունեությունից բացի, հանդես են գալիս նաև կրթական ծրագրերով՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդներին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում