Հայաստանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման ապահովումը ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է. Սիմոն Պապյան
Հայաստանի ջրային ռեսուրսների կայուն կառավարման ապահովումը ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է և ձեռք է բերում առանցքային նշանակություն: Այս մասին այսօր Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերի կառավարման վերաբերյալ USAID ծրագրի (ASPIRED) ներկայացման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Նրա խոսքերով՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պահպանման ուղղությամբ:
«Գիտենք, որ Արարատյան ջրավազանի կառավարման տարածքում բարվոք վիճակ չէ, կառավարությունն արդեն վերջին 2-3 տարիներին շոշափելի քայլեր է ձեռնարկում իրավիճակը շտկելու առումով: Մասնավորապես, վերջին երկու-երեք տարիներին մոտ 30 իրավական ակտ է ընդունվել, տարեսկզբին նաև ուժի մեջ մտավ «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը: Կարծում ենք, որ օրենսդրության դաշտում դրված փոփոխություններն իրավական հենք կստեղծեն քաղցրահամ ջրերի պահպանության համար»,- ասաց Սիմոն Պապյանը՝ հավելելով, որ այս բոլոր քայլերն արդեն տալիս են իրենց դրական արդյունքները:
Նշվեց նաև, որ իրականացվել են պիլոտային ծրագրեր՝ դրական արդյունքով: «Իհարկե, այս աշխատանքները գտնվում են նախնական փուլում, և մենք պետք է շարունակենք աշխատել, բայց առաջին փուլն էլ ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք: Եթե մենք հետևողական լինենք, կհասնենք այն արդյունքներին, որին սպասում ենք»,- ընդգծեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները