Եթե «Հարավային հոսք»-ը վերագործարկվի
ԵՄ-ն «Հարավային հոսք» նախագծից հրաժարվելու նախաձեռնողը չի եղել, սակայն նախագծի հավանական վերագործարկման դեպքում նրա կյանքի կոչումը հնարավոր է միայն Երրորդ էներգոփաթեթի լիակատար պահպանման պարագայում: «Ռիա նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ-ում ԵՄ դեսպան Ֆիգաուդաս Ուշացկասը:
«Ինչպես դուք գիտեք, ԵՄ-ն որոշել է հրաժարվել «Հարավային հոսք»-ի իրագործումից: Մնք, ինչպես և նախկինում շարունակում ենք մնալ փոխադրման ուղիների և էներգոպաշարների աղբյուրների դիվերսիֆիկացիայի ջատագովը: Եթե նախագիծը վերականգնվի, ապա դրա իրագործումը պետք է իրականացվի Երրորդ էներգոփաթեթի և ԵՄ մյուս օրենսդրական ակտերի բացարձակ կատարման դեպքում»,- նշել է Ուշացկասը:
Ավելի վաղ ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, թե չի բացառում մոտալուտ ապագայում «Հարավային հոսք» նախագծի վերագործարկման հնարավորությունը:
Նշենք, որ 2014թ. դեկտեմբերին Ռուսաստանը ԵՄ-ի դիրքորոշման հետևանքով հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից հօգուտ դեպի Թուրքիա նոր խողովակատարի կառուցման: «Հարավային հոսք»-ը պետք է ընթանար Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի տարածքով: ԵՄ-ն հանդես էր գալիս գազամուղի շինարարության դեմ, այն պատճառով, որ երրորդ էներգոփաթեթի համաձայն միևնույն ընկերությունը չի կարող համատեղել գազի արտադրությունն ու փոխադրումը: Իր հերթին ռուսական կողմը ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ գազամուղի հարցում ստորագրվել են միջկառավարական համաձայնագրեր, որոնց կարգավիճակը բարձր է էներգոփաթեթի կարգավիճակից: Բացի դրանից նրանք ստորագրվել են փաթեթի ընդունումից ավելի վաղ: