Հոսեյն Դեհղան. Իրանը ռուսական T-90 տանկի նմանությամբ սեփական տանկը կարտադրի
«Իրանը ռուսական T-90 տանկի նմանությամբ սեփական տանկը կարտադրի»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով ռազմական արդյունաբերության ձեռքբերումներին, մասնավորապես նշել է. «Մենք մշտապես ձեռնամուխ ենք լինելու հրթիռային համակարգերի հզորացմանը: «Նասր» մոդելի հրթիռը մեր ռազմական արդյունաբերության ձեռքբերումներից է: Բացի այդ՝ մեր մասնագետների ջանքերով նախագծվել և ներկայացվել է արտադրության «Քարար» մոդելի նոր տանկը, որի կարողությունը, եթե ռուսական T-90 տանկից առավել չլինի, ապա պակաս էլ չի լինի»:
Անդրադառնալով S-300 հակահրթիռային համակարգերը Ռուսաստանի կողմից Իրանին փոխանցելու ժամկետներին՝ Հոսեյն Դեհղանը նշել է. «Ուսումնական նպատակով Ռուսաստան մեկնած իրանական պատվիրակությունը մի քանի օրից կվերադառնա, որպեսզի հաջորդ պատվիրակությունը մեկնի: S-300 համակարգերն արդեն պատրաստ են, դրանց մի մասն Իրանին կփոխանցվի առաջիկա երեք ամսվա ընթացքում, իսկ մյուս մասը՝ վեց ամիս անց»:
Հիշեցնենք, որ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդաստանն օրերս, անդրադառնալով Ռուսաստանից T-90 մոդելի տանկ գնելու մասին մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, մասնավորապես նշել է. «Զինված ուժերն անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովելու հարցում T-90 տանկ ունենալը մեր առաջնահերթություններից է: Այդ մասին մենք զեկուցել ենք ԻԻՀ ԶՈւ ընդհանուր շտաբին, սակայն, հաշվի առնելով երկրի հնարավորությունները, T-90 մոդելի տանկ գնելու հարցը դուրս է եկել օրակարգից, մենք նպատակ ունենք տեղական տանկ արտադրել»: