Երևանի բնակիչը պարզել է, թե ինչու է էլեկտրաէներգիայի վճարն ավելացել մի քանի հազար դրամով
Երևան քաղաքի բնակիչ Արմեն Եփրեմյանը էլեկտրաէներգիայի հաշվիչների աշխատանքի վերաբերյալ փոքրիկ մոնիտորինգ է իրականացրել իր թաղամասում:
«Հաշվիչում նշված ժամն ու իրական ժամը չեն համապատասխանում միմյանց: Ամենաքիչ տարբերությունը եղել է 15 րոպե, գրանցվել է 2, 3 ժամի տարբերություն: Բոլորն աշխատում են ի վնաս բնակչի, հօգուտ ՀԷՑ-ի: Մենք այստեղ միտում ենք տեսնում, որ դա եղել է ոչ պատահական կերպով, այլ նպատակային հետ են տալիս ժամերը»,-Panorama.am-ի հետ զրույցում իր անցկացրած մոնիտորինգի արդյունքները ներկայացրեց Ա. Եփրեմյանը:
Նա հիշեցրեց, որ էլեկտրաէներգիայի համար սահմանված են գիշերային ու ցերակային սակագներ: Ժամային կարգավորումների խախտված լինելու հետևանքով բնակիչ բաժանորդները տուժում են:
Ա. Եփրեմյանի մոտ կասկածներն առաջացել են այն բանից հետո, երբ էլեկտրաէնեգիայի համար սկսեց ավելի շատ վճարել.
«Ընդհանրապես վճարում էի ամսական 7 հազար դրամ, թանկացումից հետո ստաբիլ վճարել եմ 13-14 հազար դրամ, արդեն մի քանի ամիս վճարում եմ 22-23 հազար դրամ: Ես սկսեցի ուսումնասիրել, արդյո՞ք կան հաղոնցումներ, որտե՞ղ կարող են լինել կորուստներ: Հաղորդալարերով եկա մինչև հաշվիչ: Օրինակ, մեր տան հաշվիչի ժամային տարբերությունը մեր փողոցում ամենաքիչն էր՝ 1 ժամ 20 րոպե: Դա նշանակում է, եթե մարդը աշխատանքից տուն է գալիս, նախատեսում է հարդուկ, լվացք անի ուշ ժամի՝ մտածելով ավելի էժան է լինելու, բայց փաստացի թանկ գնով է վճարելու»:
ՀԷՑ պաշտոնական կայքում նշվում է, որ սահմանված գիշերային սակագինը հաշվարկվում է սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային հաշվառման սարքի առկայության դեպքում և գործում է`
1) ժամը 22.00-ից մինչև ժամը 06.00-ն՝ յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ից մինչև հոկտեմբեր ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ն,
2) ժամը 23.00-ից մինչև 07.00-ը՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր վերջին կիրակի օրվա ժամը 03.00-ից մինչև մարտ ամսվա վերջին կիրակի օրվա ժամը 02.00-ն:
Արմեն Եփրեմյանի մոնիտորինգի արդյունքում երեք հարևանների հետ դիմում է ներկայացրել ՀԷՑ ընկերությանը: Պատասխան ստանալու՝ օրենքով նախատեսված ժամկետը դեռ չի լրացել: Այս ընթացքում ընկերությունից որևէ արձագանք չի ստացել:
Արմեն Եփրեմյանը մտադիր է մոնիտորինգը շարունակել տարբեր վարչական շրջաններում՝ հասկանալու խնդիրը համատարած բնույթ ունի, թե ոչ:
ՀԷՑ ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունը ժամային կարգավորումների խախտված լինելու վերաբերյալ Երևան քաղաքի բնակիչներից նոյեմբերին ստացել է 5, դեկտեմբերին՝ 19, հունվարին՝ 2 բողոք:
«Ի դեպ նշեմ, որ դրանց մեծ մասի շեղման արդյունքում ոչ թե բաժանորդը, այլ ՀԷՑ-ն է վնաս կրել»,-նշեց Սարջանյանը:
Ընկերության մամուլի քարտուղարը պնդում է, որ ժամային կարգավորումները խախտված լինելու հարցում ընկերությունը միտումնավոր որևէ բան չի անում:
«Շեղումը հաշվիչում եղած մարտկոցների աշխատանքի հետևանք է: Երբ հոսանքն անջատվում է, այդ ընթացքում լիցքավորում չի իրականացվում, դրանք սկսում են չաշխատել: Հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում՝ հասկանալու, թե ինչ կարելի է անել»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:
Սարջանյանի խոսքով, քանի որ ընկերությունում տեղյակ են խնդրի մասին, բոլոր մասնաճյուղերին հանձնարարվել է, որ տեսուչներն անընդհատ հետևեն ժամերին:
«Անկախ նրանից, մարդը դիմում է, թե ոչ, մեր աշխատակիցները հետևում են»,-ավելացրեց նա:
Արմեն Եփրեմյանը հակադարձում է, որ եթե նույնիսկ ընկերության մեղքով չի եղել սխալմունքը, ապա պատասխանատուն ՀԷՑ-ն է:
«Ես մեր տեսուչին ասացի խնդրի մասին: Նա ասաց, որևէ բան անել չի կարող: Ասաց՝ դու գնա դիմում գրի, տար լաբորատորիա, դա նշանակում է՝ փող ծախսի, ժամանակ ծախսի: Եթե հաշվիչն իմը չէ, այն գտնվում է փողոցում, համարվում է ՀԷՑ-ի սեփականությունը»,-ասաց նա:
Քաղաքացին կոչ է անում բոլորին ստուգել հաշվիչներն ու ընկերությունից պահանջել անհապաղ ուղղել ժամանային կարգավորումները, ինչպես նաև իրականացնել հետհաշվարկ հաշվիչի տեղակայման օրից մինչ այսօր, գնահատել վնասի չափը դրամային արտահայտությամբ և փոխհատուցել:
Դիմումում նշված պահանջները չբավարարելու դեպքում քաղաքացին մտադիր է դիմել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Զախարյան. ՀԷՑ-ում առկա են դրական զարգացումներ
- Վերջին ամիսներին ՀԷՑ-ում արձանագրվել է էլեկտրաէներգիայի կորուստների կրճատում. Երվանդ Զախարյան
- Բախշյան. «ՀԷՑ» ՓԲ-ն 2015թ. Երևանում չի կատարում իր ներդրումային ծրագրերը
- «Ինչո՞ւ է պահում արվել իմ աշխատավարձից, ո՞ւր է այդ գումարը, եթե ֆոնդում չի ու ինձ մոտ էլ չի». ՀԷՑ աշխատակիցների հարցադրումը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան