Շաբոյանը վստահեցնում է, որ բանանի շուկայում մուտքի խոչընդոտներ չկան
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է նաև բանանի շուկան: Ինչպես այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը, այս շուկայում մի քանի ուսումնասիրություններ կատարել են և այս պահին էլ այդ ուսումնասիրությունները շարունակվում են:
«Միայն կարող եմ ասել, որ այդ շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակումներ չկան: Եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք կարող ենք ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա կարող են իրականացնել»,-ընդգծեց Արտակ Շաբոյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե բանանի ներկրումը կապվում է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի անվան հետ, ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ իրենց բացարձակապես չի հետաքրքրում ընկերությունների սեփականատերերի կամ նրանց հետ փոխկապակցված անձանց անունները:
«Ես չեմ կարող ասել, թե որ ընկերության սեփականատերը կամ նրա հետ փոխկապակցված անձը ով է: Մենք գործ ունենք միայն ընկերությունների հետ: Այսօր մեծ ծավալներով ներկրումներ է իրականացնում «Քեթրին գրուպ» ընկերությունը: Եթե կլինեն տնտեսավարողներ, որոնք կարող են ավելի էժան բանան ներկրել այլ երկրներից, ապա ես վստահեցնում եմ, որ դա կարող են անել: Եթե խնդիրների կհանդիպեն, ապա թող դիմեն մեզ»,-նշեց Ա.Շաբոյանը:
Հարցին, թե իրեն չի՞ հետաքրքրում այն, որ տարիներ շարունակ այլ ընկերություն այդ շուկա մուտք չի գործել, ինչի հետևանքով բանանի գինը Հայաստանում մի քանի անգամ թանկ է, քան Ռուսաստանում, Շաբոյանը պատասխանեց, որ համաձայն չէ այդ դիտարկման հետ:
«Չի կարելի այդպիսի ընդհանրական եզրահանգումներ կատարել: Բանանը սեզոնային ապրանք է, և տարվա ընթացքում գինը կտրուկ տատանվում է, ժամկետային ապրանք է: Համեմատություններ անելուց պետք է զգույշ լինել, պետք է նկատի ունենանք որ երկրից է ներկրվում, խոսքը մանրածա՞խ, թե մեծածախ գների մասին է և այլն»,-ընդգծեց Արտակ Շաբոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին