Իրանն ակտիվ խաղացող է դառնում միջազգային տնտեսության մեջ. Գոհար Իսկանդարյան
«Իրանի նկատմամբ հետաքրքրությունն անընդհատ աճում է, ինչը տրամաբանական է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ, իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ ընդգծելով, որ պատժամիջոցների չեղարկումներից հետո Իրանը մտնում միջազգային տնտեսական շուկա և դառնում ակտիվ խաղացող:
«Իրանը մտնում է նաև համաշխարհային քաղաքականություն: Արդեն Ավստրիայի հետ կնքել է պայմանագրեր, ինչպես նաև սկսել չվերթներ դեպի Ճապոնիա: Իրանը պատրաստ է հաղթանակի դափնիները վերացնել»,-նկատեց իրանագետը:
Նա շեշտեց նաև տարածաշրջանում Իրանի ակտիվությունը՝ Հայաստանի և Վրաստանի հետ համագործակցության հետ կապված, այդ թվում նաև այն, որ ցանկանում են հանել վիզային ռեժիմը:
«Մեր երկրի հետ կապված կյանքի կկոչվեն մի շարք ծրագրեր, որոնք ֆինանսական պատճառներով հետաձգված են եղել: Բավականին կարևոր է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Իրանի համար խնդիր չէ մինչև մեր սահմանը կառուցել 60 կմ: Այստեղ խնդիր ունի մեր երկիրը՝ կառուցել 400կմ, որի համար ֆինանսական դոնորներ են պետք»,-ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ մեր երկրի ղեկավարությունը քաղաքական կամք ունի երկաթգծի կառուցման համար:
Իրանագետը նշեց նաև, որ պետք է Հայաստանը վերանայի այն հանգամանքը, որ իրանական 600 անուն ապրանք մտնում է Հայաստան, իսկ Հայաստանից ընդամենը 100 անուն՝ Իրան:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության մեջ Իրանի հնարավոր ներգրավմանն ասաց, որ Իրանը եղել է միջնորդ և բավական ակտիվ մասնակցել է և դրական գործընթացներ ապահվել. «Իրանը նույնպես ցանկանում է, որ հարցը խաղաղ բանակցային ճանապարհով լուծվի, քանի որ իրեն էլ ձեռնտու չէ, իր սահամանների մոտ տեսնել պատերազմական գործողություններ»: