Իրանը հայտարարել է Ռուսաստանից Սու-30 ռազմական ինքնաթիռներ ձեռք բերելու մասին
«Իրանը Ռուսաստանից Սու-30 ռազմական ինքնաթիռներ կգնի»,-այդ մասին իրանական «Իրդիփլոմասի.իր» կայքի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը:
Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ռուս-իրանական ռազմական համագործակցության հեռանկարին, հայտնել է, որ Իրանը նպատակ ունի Ռուսաստանից Սու-30 ռազմական ինքնաթիռներ գնել, և դրանց ձեռք բերման մասին պայմանագիրն առաջիկայում կստորագրվի:
Հոսեյն Դեհղանը միևնույն ժամանակ հերքել է տարածված այն տեղեկատվությունը, թե Իրանը նպատակ ունի Չինաստանից ռազմական ինքնաթիռներ ձեռք բերել:
Անդրադառնալով S-300 հակահրթիռային համակարգերը Ռուսաստանի կողմից Իրանին փոխանցելու ժամկետներին՝ Հոսեյն Դեհղանը նշել է. «Ուսումնական նպատակով Ռուսաստան մեկնած իրանական պատվիրակությունը մի քանի օրից կվերադառնա, որպեսզի հաջորդ պատվիրակությունը մեկնի: S-300 համակարգերն արդեն պատրաստ են, դրանց մի մասն Իրանին կփոխանցվի առաջիկա երեք ամսվա ընթացքում, իսկ մյուս մասը՝ վեց ամիս անց»:
Հիշեցնենք, որ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Ահմադ Ռեզա Փուրդաստանն օրերս, անդրադառնալով Ռուսաստանից T-90 մոդելի տանկ գնելու մասին մամուլում շրջանառվող տեղեկատվությանը, մասնավորապես նշել է. «Զինված ուժերն անհրաժեշտ զինտեխնիկայով ապահովելու հարցում T-90 տանկ ունենալը մեր առաջնահերթություններից է: Այդ մասին մենք զեկուցել ենք ԻԻՀ ԶՈւ ընդհանուր շտաբին, սակայն, հաշվի առնելով երկրի հնարավորությունները, T-90 մոդելի տանկ գնելու հարցը դուրս է եկել օրակարգից, մենք նպատակ ունենք տեղական տանկ արտադրել»:
Այդ կապակցությամբ Իրանի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իրանցի մասնագետների ջանքերով նախագծվել և արտադրության է ներկայացվել «Քարար» մոդելի նոր տանկը: Նախարարի խոսքով՝ իրանական տանկի կարողությունը, եթե ռուսական T-90 տանկից առավել չլինի, ապա պակաս էլ չի լինի:
«Իրդիփլոմասի.իր» կայքի փոխանցմամբ էլ՝ առաջիկա շաբաթվա ընթացքում Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:
Հարակից հրապարակումներ`
- Հոսեյն Դեհղան. Իրանը ռուսական T-90 տանկի նմանությամբ սեփական տանկը կարտադրի
- Իրանի զինված ուժերը համալրվել են «Նասր» մոդելի թևավոր հրթիռներով