Նվազել են սուր շնչառական վարակներով հիվանդությունների թիվը, բայց զգոնությունը չպետք է կորցնել. Լիանա Թորոսյան
«Հանրապետությունում նվազել են սուր շնչառական վարակների դեպքերը»,- Panorana.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
«Ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասկաների շրջանում և թոքաբորբերի, և շնչառական վարակների նվազում կա, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է զգոն չլինենք»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում այսօր հանրապետությունում նկատվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության նկատելի նվազում:
«Այսօրվա դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում գրեթե 70 տոկոսով նվազել է բուժում ստացող հիվանդների թիվը, արհեստական շնչառական ապարատին միացված հիվանդներ էլ չունենք»,- նշեց Լիանա Թորոսյանը՝ հավելելով, որ հղիների շրջանում նույնպես զգալի կրճատվել է գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացությունը:
Ըստ նրա, եթե հունվարի կեսերին հոսպիտալացվել է 114 հղի, ապա այսօր այդ թիվը նվազել է ՝ հասնելով 17-ի: Նրանց մոտ հիմնականում գրանցվել են շնչառական վարակներ, իսկ 4-ի մոտ՝ թոքաբորբ:
«Ազգաբնակչությանը կոչ եմ անում՝ զգոնությունը չկորցնեն, քանի որ մենք գործ ունենք H1N1 վիրուսի հետ, ինչը նշանակում է, որ պետք է ավելի ուշադիր լինել»,- ասաց Լիանա Թորոսյանը և ավելացրեց, որ շնչառական վարակների և գրիպի կանխարգելման ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարության կողմից նույնպես շարունակվում են իրականացվել մի շարք միջոցառումներ։
Անդրադառնալով դպրոցներում դասերի վերսկսմանը, մասնագետը նշեց, որ առաջին օրերին ծնողներից շատերը թույլ չէին տալիս երեխաներին դպրոց հաճախել, սակայն այսօր իրավիճակը փոխվել է:
«Դպրոցներում կան համաճարակային ֆիլտրեր և այն երեխաները, որոնց մոտ նկատվում է գրիպի թեթև նախանշաններ, նրանք մեկուսացվում են: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ եթե երեխաների մոտ նկատում եք գրիպանման երևույթներ, ապա նրանց դպրոց մի ուղարկեք»,- նշեց Լ.Թորոսյանը՝ հավելելով, որ հանրակրթական դպրոցներում էլ պետք է ապահովվեն անհրաժեշտ ջերմային ռեժիմ:
Նրա խոսքերով՝ սեզոնային գրիպի և ՍՇ վարակների սեզոնը սովորաբար սկսվում է հոկտեմբերին, իսկ երկրորդ փուլը՝ հաջորդ տարվա սկզբին և շարունակվում մինչև ապրիլի վերջ:
Մասնագետը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը՝ գրիպի ցանկացած դրսևորման դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել և անպայման դիմել բժշկի: Նա նաև խորհուրդ է տալիս այս ժամանակահատվածում հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի և փռշտալու վարվելակերպը, օգտագործել շատ հեղուկներ, հաճախակի օդափոխել փակ տարածքները:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունվարին, հիմնականում տոնական և առաջին հետտոնական օրերին, արձանագրվել է սուր շնչառական վարակների աշխուժացում, որին էլ նպաստել են ջերմաստիճանի կտրուկ նվազումը, տոնական օրերին ակտիվ շփումները և գրիպի շրջանառող հարուցիչը (հիմնականում՝ գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ): Գրիպի տարածումը կանխելու նպատակով դպրոցական արձակուրդը երեք անգամ մեկ շաբաթով երկարաձգվել է: H1N1 գրիպից Հայաստանում մահացել է 19 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները