Նախատեսվում է շաբաթական իրականացնել Երևան-Պրահա-Երևան երեքական թռիչք. Յան Մլադեկ
Հայ-չեխական համագործակցության ընդլայնման համար կան դեռևս չօգտագործված հնարավորություններ: Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն՝ այսօր Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը նշել է, որ կարելի է մեծացնել համագործակցության ոլորտների շրջանակը` հաշվի առնելով նաև երրորդ երկրների հետ փոխգործակցության հնարավորությունները:
Կարեն Ճշմարիտյանը մասնավորապես շեշտել է առևտրի, արդյունաբերության տարբեր ճյուղերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում համագործակցության ակտիվացումը, այդ առումով առանձնապես կարևորելով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը և ապրիլի վերջին համատեղ երկրորդ նիստի անցկացումը:
Էկոնոմիկայի նախարարն առաջարկել է նաև կազմակերպել Չեխիայում հայկական ապրանքների ցուցահանդես: Գործարարների միջև ուղղակի կապերի աշխուժացման տեսանկյունից Կարեն Ճշմարիտյանը նշել է Երևան-Պրահա-Երևան ուղիղ չվերթների վերաբացման կարևորությանը:
Յան Մլադեկը նշել է, որ Չեխիան առավելագույնս կաջակցի Հայաստանին ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում: Նա ներկայացրել է Չեխիայի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, իր հերթին նույնպես կարևորել հայ-չեխական գործարար համաժողովի անցկացումը և պատրաստակամություն հայտնել աջակցելու Պրահայում հայկական արտադրանքի ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին:
Յան Մլադեկի խոսքերով, Չեխական ավիաուղիների կողմից Երևան-Պրահա-Երևան չվերթները տնտեսապես արդյունավետ են համարվել և նախատեսվում է շաբաթական իրականացնել երեքական թռիչք: Չեխ նախարարը կարևորել է նաև համագործակցությունը կոնյակի և գինիների արտահանման, զբոսաշրջության և այլ բնագավառներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան