Մահացել է «Գարուն» ամսագրի խմբագիր Վարուժան Այվազյանը
58 տարեկանում վախճանվել է արձակագիր, 1996 թ.-ից ՀԳՄ անդամ, «Գարուն» գրական-գեղարվեստական ամսագրի և «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիր Վարուժան Այվազյանը: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի գրողների միության վարչությունից:
Վարուժան Այվազյանը ծնվել է 1958 թ. մայիսի 29-ին Վրաստանի Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: 1985 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1985-1987 թթ. աշխատել է «Պիոներ» /այժմ՝ «Աղբյուր»/ ամսագրի խմբագրությունում, 1987 թվականից՝ «Գարուն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատող, պատասխանատու քարտուղար /1991-ից/, գլխավոր խմբագրի տեղակալ /1993-ից/, 2002 թվականից «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, 1993-ից՝ նաև ամսագրին կից «Ապոլոն» հրատարակչության գլխավոր խմբագիրը:
Վ.Այվազյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Հին ահ» խորագրով, հրատարակվել է 1991 թվականին: Այնուհետև լույս են տեսել «Ճանճի ամիսը» /1998/, «Համեմատական կենսագրություններ» /2004/ վեպերը, «Առավոտ պայծառ, զվարթ ծիրանի»/2003/ մանկապատանեկան պատմվածքների, «Պատմություն ճնճղկանն, որ ավելի քան երեք անգամ կանգնեց Տիրոջ աջ ձեռքին» /2009/ արձակ գործերի, «Անխարիսխ և անհենարան՝ երկրագնդի նման» /2007/ հարցազրույցների ու էսսեների ժողովածուները:
«Պատմություն մեծն Կովկասի» վեպը 2009 թվականին /անտիպ, տպագրվել է 2013 թ./ արժանացել է Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության հատուկ մրցանակին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում