«Հանուն օրենքի». Օտարերկրյա և անողոք բիզնեսը ընդդեմ Երևանի պատմական արժեքների
«Հանուն օրենքի». Օտարերկրյա և անողոք բիզնեսը ընդդեմ Երևանի պատմական արժեքների
Հանուն օրենքի հասարակական շարժման համակարգող խումբը հայտարարություն է տարածել կառավարության որոշման մասին, ըստ որի չեղյալ հայտարարվեց Մարզահամերգային համալիրի վաճառքը:
Հայտարարությունում անդրադարձ է կատարվում նաև Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքին:
«Փետրվարի 10-ին Հայաստանի Կառավարությունը հարկադրված չեղյալ հայտարարեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքի որոշումը: Ինչու հարկադրված, քանի որ ընկերությունը, խախտելով պայմանագրի կետերը, չի փոխանցել գործարքի գումարը `այսպիսով հուսախաբ անելով կառավարությանը: «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ», սա այն անհայտ ընկերությունն է, որին դեռ անցյալ տարի կառավարությունը պատրաստ էր վստահել մարզահամերգային համալիրի ճակատագիրը` առանց մրցակցության վաճառելով համալիրը ինքնարժեքից երկու անգամ ավելի էժան: Համալիրը վերածվելու էր մեծ հաշվով շուկայի և խաղատան: Եվ այս ամենը այն վայրում, որտեղ հիշում և սգում են Մեծ Եղեռնի զոհերին:
Ընկերությունը ստեղծվել էր գործարքից ընդամենը մի քանի օր առաջ և գրանցված էր մասնավոր բնակարանի հասցեում: Զարմանալի է այն փաստը, թե ինչպես է կառավարությունը վստահել այդ անհայտ ընկերությանը ժողովրդի կողմից սիրված և մշակութային արժեք ունեցող օբյեկտը:
Մեկ այլ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտի ճակատագիրը գտնվում է կառավարության ձեռքերում և յուրաքանչյուր պահին կարող է զոհ դառնալ օտարերկրյա գործարարի ձեռքերում: Խոսքը գնում է Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի մասին: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որը հանդիսանում է Զվարթնոց օդանավակայանի նոր մասնաշենքի սեփականատերը կառավարության որոշման հիման վրա ստացել է թույլտվություն նոր մասնաշենքը ընդլայնել` քանդելով հին մասնաշենքի էստակադան: Սակայն, հանրության պահանջից ելնելով, կառավարությունը որոշեց քննարկել այդ հարցը ճարտարապետների հետ:
Թե Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի և թե Զվարթնոց օդանավակայնի դեպքերում մենք գործ ունենք ռացիոնալ կապիտալիստական հաշվարկների և անողոք բիզնեսի հետ: Նույն սկզբունքով մեկը մյուսի հետևից ոչնչացվեցին հին Երևանի փողոցները (Բյուզանդի և Արամի փողոցների շենքերը), և այսօր մենք ականատես ենք դառնում, թե ինչպես են վերանում Երևանի արժեքները: Մեր սփյուռքահայ բարեկամները` մասնավորապես բարեգործ-գործարարները, որոնք հաճախ հանդես են գալիս հայրենասիրական ճառերով, այսօր փորձում են ոչնչացնել Երևանի պատմական վայրերը: Իմ կարծիքով որքան կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Զվարթնոցի ապամոնտաժման որոժումը, այնքան էլ արգենտինահայ գործարար Էռնեկյանը հրաժարվի իր նպատակից և քանդելու փոխարեն վերականգնի Զվարթնոցի հին մասնաշենքը, ինչպես որ ի սկզբանե նշված է եղել կառավարության հետ պայմանագրի մեջ:
Ամբողջ զարգացած աշխարհը պահում և պահպանում է իր պատմությունը, և միայն Հայաստանում կարելի է տեսնել թե ինչպես են վայրենաբար ոչնչացվում հնությունը: Եկել է ժամանակը, որպեսզի երիտասարդ սերունդը տեր կանգնի իր պապերի և տատերի հուշերին, տեր կանգնի իր ապագային, որը չի կարող լինել առանց ամուր անցյալի»,-ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը չեղյալ համարեց Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը
- «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը. Թույլ չտալ «Զվարթնոց»-ի ապամոնտաժման որևէ գործողության իրականացում
- Ավագանին տեղյակ չի եղել. Բախշյանը՝ «Զվարթնոցի» կլոր մասնաշենքի մասին
- «Զվարթնոցի շենքը կպաշտպանեն լեհ կինեմատոգրաֆիստները և ռոբոտները» (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում