Բորդյուժա. 102-րդ ռազմաբազան ոչ թե դիմակայության, այլ կայունության ապահովման համար է
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահ է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պոտենցիալը բավարար է ՀԱՊԿ առջև դրված բոլոր հնարավոր խնդիրների լուծման համար:
Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամուրջի շրջանակներում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ 102-րդ ռազմաբազայի վերազինման և ռուս-թուրքական հարաբերություններում առկա լարվածության վերաբերյալ կապի մասին հարցին, Բորդյուժան այսպես պատասխանեց. «102-րդ ռազմաբազան ընդգրկված է ՌԴ կողմից իրականացվող վերազինման ծրագրում: Խոսքն այն մասին է, որ ապահովվի մարտական պատրաստվածության բավարար մակարդակ: Ընթանում են պլանային աշխատանքներ: Որպես զինվորական՝ կարող եմ ասել, որ հետևողականորեն իրականացվում են մարտական պատրաստվածությանն ու հագեցվածությանն ուղղված բոլոր միջոցառումները: Չեմ կարող ասել, որ 102-րդ ռազմաբազան էքստրաօրդինար ծրագրով մեծացնում է իր ռազմական պոտենցիալը: Չեմ կարծում նաև, որ հիմա պետք է քննարկենք զարգացումների հնարավոր սցենարները: Նշեմ միայն, որ 102-րդ ռազմաբազայի պոտենցիալը բավարար է, որպեսզի լուծվեն այն բոլոր խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև»:
Վերջինս հատուկ շեշտեց այն իրողությունը, որ Գյումրիում տեղակայված ռազմաբազան կոչված է ոչ թե դիմակայման, այլ տարածաշրջանում կայունության ապահովման համար:
«Եթե նրա պոտենցիալը գործի դրվի, ապա, բնականաբար, դա իրականացվելու է այլ միջոցների համակարգում, որոնք պետք է իրականացվեն պետությունների ղեկավարների կողմից: Այսօր մենք այստեղ ինչ-որ ուժերի ընդալայնման անհարժեշտություն չենք տեսնում»,- նշեց Ն. Բորդյուժան:
Շարունակելով ռուս-թուրքական հարաբերությունների թեման, խոսվեց նաև Սու-24-ի խոցման մասին: Բորդյուժան մասնավորապես ասաց. «Թուրքական ռազմական օդանավի կողմից Սիրիայի օդային տարածքում ռուսական Սու-24 ռմբակոծչի խոցման վերաբերյալ կազմակերպության դիրքորոշումը հնչեցվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ղեկավարի կողմից դեկտեմբերի 21-ին կայացած նիստից հետո, որտեղ Սերժ Սարգսյանը հստակ ներկայացրել է կազմակերպության անդամ երկրների ղեկավարների այս հարցի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը: Կարող եմ ասել, որ այն եղել է համաձայնեցված և Սերժ Սարգսյանը այն արել է ոչ թե իր, այլ բոլոր նախագահների անունից: Սա է մեր երկրների դիրքորոշումը: Մեկնաբանել այն անիմաստ է, քանի որ շատ հստակ է: Բոլոր երկրները դատապարտում են ռուսական ռմբակոծչի խոցման փաստը»:
Անդրադառնալով կազմակերպության քարտուղարի պաշտոնի ռոտացիոն կարգով Հայաստանին փոխանցելու որոշման հետաձգման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններին՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ մեկ տարի ժամկետով հետաձգումը ունի զուտ կազմակերպչական բնույթ:
«Ռոտացիայի վերաբերյալ որոշումը ընդունվել է: Այն ստորագրվել է պետությունների ղեկավարների կողմից: Կապված այն բանի հետ, որ առկա են ռոտացիայի օրակարգի ձևավորման հետ առնչվող կազմակերպչական խնդիրներ և այլ հարցեր, պայմանավորվել ենք, որ քարտուղարը կաշխատի ևս մեկ տարի, որպեսզի ապահովվի ռոտացիայի իրավասությունը ապահովվող բոլոր փաստաթղթերի ընդունումը: Դրանից հետո ՀՀ ներկայացուցիչը, որպես այս պաշտոնին հավակնող առաջին երկրի ներկայացուցիչ, կկարողանա բնականոն աշխատել»,- նշեց Ն. Բորդյուժան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին