Նախագահ Սարգսյանն ուրվագծել է Հայաստանի տեսլականը
«Նորացված Սահմանադրությունը նոր շունչ է նոր սկզբի համար. մենք ինքներս մեզ համար եզակի հնարավորություն ենք ստեղծել նոր թափ հաղորդելու զարգացմանը և շտկելու թերացումները»,- այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ասվածը վերաբերում է բոլորին՝ թե՛ երկրի Նախագահին, թե՛ շարքային քաղաքացուն:
«Պետք է վերացնենք այն համոզմունքը, որ բոլոր խնդիրները պետք է լուծի պետությունը կամ որևէ մեկը, բայց ոչ մեզնից յուրաքանչյուրը: Ինքներս մեզ կերտելու, քայլ առ քայլ հաջողությունների հասնելու ցանկությունը ամենատարածվածը չէ մեզանում: Այս ամենի հետևանքն են՝ նախաձեռնության բացակայությունը, նոր գաղափարների պակասը, հանրային բանավեճի, այդ թվում քննադատական ելույթների ցածր որակը: Հանրային համաձայնությունը, աջակցությունը սովորաբար արտահայտվում են լռությամբ: Առարկությունները շատ հաճախ զգացմունքային են, խայթող, բայց միաժամանակ մակերեսային և պատասխան չենթադրող: Մեր ժողովրդին բնորոշ են ռազմական խիզախությունը, հավատարմությունը, հյուրընկալությունն ու բարությունը: Իսկ կաշառակերությունը, գողությունը, մտավոր և հոգևոր ծուլությունը ժամանակի ընթացքում ներմուծած արատներ են, որոնցից հետևողականորեն պետք է ազատվել: Ասել եմ և էլի եմ ասում՝ բարեկեցության աղբյուրը աշխատանքն է»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում և նոր, ազատ և ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորություն ունենք: «Սահմանադրության փոփոխություններն իսկապես տալիս են այդ հնարավորությունը, և դա մենք պետք է օգտագործենք լիարժեքորեն»,- վստահեցրել է երկրի ղեկավարը:
Մինչ այդ Սերժ Սարգսյանն ուրվագծել է, թե որն է Հայաստանի ապագայի իր տեսլականը.
«Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանը կայանա որպես երկիր ու հասարակություն, որտեղ.
- Իշխանությունը թափանցիկ է և ամբողջովին վստահելի, որի նպատակը երկրի քաղաքացիների ու արտերկրում գտնվող հայորդիների ներկա և ապագա բարեկեցությունն է, որի անդամները հավասարապես հաշվետու են օրենքի առջև այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի, և որի անդամները չեն ղեկավարվում անձնական շահերով,
- Արդարադատության համակարգը զերծ է ազդեցություններից, արդար է և անկաշառ։ Օրենսդիրը բանիմաց է և հարգված։ Պետական ծառայությունն ամենահարգի աշխատանքային ձևն է, որովհետև այն հնարավորություն է ընձեռում հայրենիքին ու ժողովրդին ծառայելու և պահանջում է բարձրագույն մասնագիտական որակ,
- Հասարակությունն ունի բարձր կենսամակարդակ, բարեկիրթ է, հանդուրժող, մարդասեր։ Տնտեսությունը դինամիկ զարգացման ուղու վրա է՝ հենված ողջ ազգի մարդկային կապիտալի վրա: Այն զարգացման հավասար հնարավորություն է ընձեռում բոլորին, թույլ չի տալիս անարդար մրցակցություն, վերաբաշխում է ռեսուրսները հարկային ազնիվ ու արդյունավետ քաղաքականության միջոցով,
- Շրջակա միջավայրն ու բնական պաշարների պատասխանատու կառավարումը հույժ կարևոր են պետության գոյատևման և առաջնային՝ ապագա սերունդների բարեկեցության համար,
- Մարդու իրավունքները ձևավորված ամուր արժեքային համակարգ են։ Հայաստանի քաղաքացիները՝ հայերը, եզդիները, հույները, քրդերը, ռուսները և մյուսները, լիարժեք ինքնադրսևորվում են,
- Զինված ուժերն ամենազորեղն են տարածաշրջանում իրենց ոգով, նվիրումով, ժամանակակից սպառազինությամբ և կյանք, պատմություն, մշակույթ պահպանելու նպատակային կարևորությամբ,
- Սփյուռքն ու Հայաստանը կազմում են մեկ ընդհանրություն՝ ազգ։ Սփյուռքի իրավունքը Հայաստանում ճանաչված է ու խրախուսելի, նրա ներուժն ամբողջությամբ ներառված է»:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա առավել բաց և ճկուն
- Սերժ Սարգսյան. Անհրաժեշտ է անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ
- Սերժ Սարգսյանը մատնանշել է տնտեսական օրակարգի առաջնահերթությունները
- Նախագահ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեռու է արկածախնդրությունից
- Սերժ Սարգսյան. Խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը երաշխավորված չէ
- Սերժ Սարգսյան. Կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան