Փոստանջյանը չի ենթարկվի որևէ ճնշման. Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Օմբուդսմենի թեկնածուին
«Ես քննարկել եմ Փոստանջյանի հետ նրա թեկնածությունն առաջադրելու մասին հարցը ու ունեմ նրա գրավոր համաձայնությունը, չեմ կարծում, որ այդ հարցը պետք է քննարկեի «Ժառանգություն» կուսակցության հետ», -այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` ներկայացնելով իր առաջադրած թեկնածու Զարուհի Փոստանջյանին:
Պատասխանելով Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հարցին, թե ինչ հարաբերություններ ունեն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունները, Մարուքյանը պատասխանեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը քաղաքական պաշտոն չէ, և իր առաջադրումը քաղաքական մոտիվացիաներով պայմանավորված չէ:
«Ես առաջադրել եմ մարդու, որը ունակ է պաշտպանել մարդկանց իրավունքները: Եթե լուրջ չեք վերաբերվում էդ հարցին, ինչո՞ւ եք այսքան խառնվել», -հայտարարեց Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով, եթե ընդունենք, որ ճիշտ են հայտարարությունները, թե Հայաստանում օմբուդսմենները ճնշումների են ենթարկվում, ապա Փոստանջյանի պարագայում այդ ժնշումները չեն ազդի:
«Զարուհի Փոստանջյանը ունի բավարար խիզախություն չենթարկվելու ճնշումներին, եթե Հայաստանում կա նման պրակտիկա, ապա Փոստանջյանը չի ենթարկվի որևէ ճնշման: Վստահ եմ», -հավելեց Մարուքյանը:
Մարուքյանի ներկայացմամբ, Փոստանջյանը հայտնի է իր իրավապաշտպան գործունեությամբ:
«Մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված նրա մոտեցումները ես ամբողջությամբ կիսում եմ: Իմ հիշողության մեջ նա տպավորված է որպես խիզախ կին, որը պատրաստ է գտնվել ցանկացած տեղ: Խնդրում եմ քվեարկել նրա օգտին և հնարավորություն տալ այդ ինստիտուտը ներկայացնելու նախկին ընդդիմադիրի, քանի որ պաշտոնին անցնելուց հետո նա պարտավորվելու է վայր դնել իր բոլոր լիազորությունները»,- նշեց Մարուքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան