Տարրական դպրոցում կարիք չկա ևս մեկ առարկայով երեխային ծանրաբեռնել. քննարկում եկեղեցու պատմության դասավանդման շուրջ
«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի չվնասենք երեխային»: Այսօր «Մեդիա Կենտրոնում» «Դասավանդե՞լ Հայոց եկեղեցու պատմություն 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ» թեմայով քննարկման ժամանակ ասաց կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը:
Ըստ փորձագետի՝ եթե մտցնում են մի առարկա, որը կարող է վնասել երեխային, պետք են որոշակի վերանայումներ. «Եթե երեխային հարկադրում են մի բանի, ում գուցե և տանը հակառակն են սովորեցնում, երեխայի ինտեգրացիայի համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Այս առարկայի լինել-չլինելու հարցն առհասարակ պետք է վերանայվի»:
Արմինե Դավթյանը նկատեց, որ քրիստոնեության արժեհամակարգին երեխան առհասարակ առնչվում է և գրականություն, և պատմության ու աշխարհագրություն առարկաների շրջանակներում և դրա մասին առանձին առարկայով պետք չէ ծանրաբեռնել երեխային:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն ասաց, որ մեղադրել քրիստոնեական կրթություն տվող այս առարկային՝ շատ պարզունակ է:
«Առարկան շատ լավ կլիներ, որ կոչվեր «Քրիստոնեական կրթություն»: Այս առարկան շատ կարևոր նպատակ է հետապնդում, մեր երեխաների մեջ ամրագրել քրիտոսնեկան արժեքները՝ որպես բարոյական արժեքների հիմք: Ես անգամ առաջարկում եմ առաջին դասարանից այն դասավանդել»,-նշեց Բախշյանը:
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ կան երեխաներ, որոնք կրոնական այլ ուղղությունների են հարում կամ Հայ առաքելական եկեղեցու անդամ չեն և հանրակրթական դպրոցում խտրականության են ենթարկվում, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենն ասաց, որ ամեն դեպքում լուծում կա. «Իմ տնօրեն եղած ժամանակ ես ասում էի այդ երեխաների ծնողներին, որ գրավոր դիմում գրեն՝ այդ առարկային երեխայի չմասնակցելու համար, իսկ այդ ժամի համար հսկողությունը և պատասխանատվությունը մնում է իրենց վրա: Եվ այդպիսի դիմում գրեցին միայն եհովականների հետևորդ ծնողները»:
Երևանի Անանիա Շիրակացու ճեմարանի կրտեսեր դպրոցի ավագ մանկավարժ Գոհար Սարգսյանն էլ կիսեց այն տեսակետը, որ քրիստոնեական արժեքները պետք է դասավանդվի դպրոցում, պարզապես պետք է ուսումնասիրել, որ փուլում այն դասավանել. «Ճեմարանում այն դասավանդվում է միջին դպրոցում: Իսկ տարրական դրպոցում կարիք չկա ևս մեկ առարկայով երեխային ծանրաբեռնել»:
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի ուսումնական կենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանն էլ հավելեց. « Ինչու՞ եք կարծում՝ պարտադրանք կա միայն եկեղեցու պատմության դասավանդման դեպքում: Մի՞թե պատմություն դասավանդելիս պարտադրանք չկա: Մեր հաստատությունում այս առարկայի նկատմամբ մոտեցումը խիստ մանկավարժական է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները