Վերջին անգամ պաշտոնյանները պետական գանձարան թանկարժեք քարերով նվերներ են հանձնել 15 տարի առաջ
2015 թ. ընթացքում պաշտոնի բերումով ստացված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներ Պետական գանձարան չեն մուտքագրվել: Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Պետական գանձարանից:
Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի միջոցով տրամադրած պատասխաններից պարզ է դառնում, որ մինչ օրս Պետական գանձարան է հանձնվել թվով 6 հատ թանկարժեք մետաղներից պատրաստված պաշտոնի բերումով ստացված նվերներ` ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության պաշտոնատար անձանց կողմից (2001թ.):
Պետական գանձարանում առկա են պաշտոնի բերումով ստացված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված 2 365 033,4 դրամ ընդհանուր արժեքով նվերներ:
Օրեր առաջ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել էր, որ Երևան ժամանող պատվիրակությունները թանկարժեք հուշանվերներ են բերում: Պարզվում է, որ այս ընթացքում թանկարժեք որևէ նվեր քաղաքապետարանի կողմից գանձապետարան չի հանձնվել:
«Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնի բերումով ստացված թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերներ Գանձարան երբևէ չի հանձնվել»,-փաստեցին ֆինանսների նախարարությունից:
Հարցին, թե Պետական գանձապետարանում այսօր պահվող թանկարժեք իրերն ընդհանուր առմամբ ինչքա՞ն են գնահատվում, ի՞նչ վիճակում են դրանք, Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N737-Ն որոշմամբ հաստատված Պետական գանձարանի կանոնադրության 8-րդ կետի (ե) ենթակետի պահանջի համաձայն Պետական գանձարանը մինչև հաջորդ տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն` յուրաքանչյուր ֆինանսական տարվա ընթացքում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների համալրման ու ծախսման մասին:
«Համաձայն ՀՀ կառավարություն ներկայացված վերջին հաշվետվության` 01.01.2015թ. դրությամբ Պետական գանձարանի պետական պահուստներն արժեքային գնահատմամբ կազմել են 1.505.661.392 ՀՀ դրամ»,-նման թվեր ներկայացրեցին նախարարությունից:
Ինչ վերաբերվում է պետական պահուստ մուտքագրված իրերի պահպանմանը, ապա հայտնեցին, որ Պետական սեփականություն հանդիսացող բոլոր թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը պետական պահուստներ մուտքագրվում են ցանկացած տեսքով և վիճակում և դրանք պահվում են սկզբնական տեսքով` մուտքագրման փաստաթղթերին համապատասխան:
Մի քանի տարի առաջ խոսվում էր գանձարանում պահվող թանկարժեք իրերի հնարավոր վաճառքի մասին: Ֆիննախից ասացին, որ ներկա պահին պետական պահուստներից թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի բացթողնման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում գոյություն չունի և մոտ ապագայում չի նախատեսվում:
Ովքե՞ր ու ո՞ ր նվերները պետք է հանձնեն գանձարան: Հարցի վերաբերյալ նախարարությունից նշեցին, որ պաշտոնի բերումով ստացված նվերների պետությանը հանձնումը կարգավորվում է ՀՀ կառավարության 1993թ. փետրվարի 17-ի «Պաշտոնի բերումով ստացված նվերները պետությանը հանձնելու կարգի մասին» N 48 որոշմամբ:
«Համաձայն նշված որոշման 3 կետի` ենթակա են հանձնման պաշտոնի բերումով ստացված այն նվերները, որոնց արժեքը հինգ անգամ կգերազանցի պաշտոնատար անձի ամսեկան աշխատավարձը: Ցանկության դեպքում պաշտոնատար անձը կարող է նվերը չհանձնել պետությանը` վճարելով իր 5 ամսվա աշխատավարձի չափի և նվերի փաստացի արժեքի տարբերությունը»,-մանրամասնեցին նախարարությունից:
Սակայն եթե նվերի արժեքը չի գերազանցում պաշտոնատար անձի աշխատավարձի հնգապատիկը, ապա նվերի հանձնումը պարտադիր չէ և այն կարող է հանձնվել պաշտոնատար անձի ցանկությամբ:
«Միանժամանակ հայտնում ենք, որ Գանձարան ենթակա են հանձնման միայն պաշտոնի բերումով ստացված այն նվերները, որոնք պատրաստված են թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից»,-ասացին նախարարությունից:
Վերջերս ակտիվորեն քննարկվում էր նաև ուսուցիչների նվերների գանձարան հանձնելու հարցը: Մինչ այս պահը պետական գանձարան ուսուցիչների կողմից թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված նվերների հանձնման դեպք չի արձանագրվել:
Պետական պահուստներում տարանջատված են թանկարժեք մետաղների ջարդոնները, որոնք համաձայն սկզբնական փաստաթղթերի` Պետական գանձարան մուտքագրվել են որպես ջարդոն:
«Ներկայումս Պետական գանձարանում ոսկյա իրերի մասով ջարդոնը կազմում է 0.6%, իսկ արծաթյա իրերի մասով` 1.7%»,-ասված է գանձարանի տրամադրած պատասխանում:
Ինչ վերաբերում է հարցերին, թե ինչ են նվիրում Հայաստան եկած հյուրերին, ապա ասացին, որ Պետական գանձարանը օտարերկրյա հյուրերի նվերների ձեռք բերման ծախսերի մասին տեղեկատվության չի տիրապետում, քանի որ այն Գանձարանի իրավասության շրջանակներից դուրս է:
Հարակից հրապարակումներ`
- Երբ փոխքաղաքապետը չգիտե «շռայլությություն բառի չափման միավորները»
- Ռոբերտ Նազարյանը մեկնաբանում է Բիբինից նվեր ստանալու մասին լուրերը