Հանրահռչակ պրիմա-բալերինաներն ինձ հետ հանգիստ բեմ էին դուրս գալիս. Վիլեն Գալստյան
ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն այսօր դառնում է 75 տարեկան: Թատրոնը փետրվարի 13-ին կայանալիք գալստյանական խորեոգրաֆիայով Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացումը նվիրում է հոբելյարին: Մինչ ներկայացումը Հայաստանի գլխավոր թատրոնում տեղի կունենա հոբելյանական հանդիսություն՝ նվիրված Վ. Գալստյանի ծննդյան 75–ամյակին: Panorama.am-ը զրուցել է Վիլեն Գալստյանի հետ՝ անցած ուղու, բալետի հայկական դպրոցի ձևավորման, այսօրվա հայկական բալետի մասին:
-Պարոն Գալստյան, հիսուն տարուց ավելի է բեմում եք՝ և որպես պարող, և որպես բալետմաստեր, ինչպե՞ս կներկայացնեք, կգնահատեք Ձեր անցած ուղին, Ձեր խաղացած, բեմադրած գործերը:
-Լատիշ խորհրդային բալետմայստեր Եվգենի Չանգան պատճառ եղավ, որ Երևանում պայմանագիր ստորագրեցի՝ Երևանի թատրոնում աշխատելու համար: Այդ ժամանակ ես նաև մասնակցեցի Մոսկվայի Մեծ թատրոնում ընդունելության մրցույթին, ընդունվեցի: Այդպես համատեղում էի. Երևանում քիչ էի լինում, երբ անհրաժեշտություն կար, հիմնականում Մոսկվայում էի, քանի որ Մոսկվան մեծ հնարավորություններ ուներ, Մեծ թատոնի բալետի խմբի հետ ամբողջ աշխարհի բեմերում պարեցի: Մշակույթի նախարարին, թատրոնի տնօրենին բացատրում էի, որ ես Երևանում այդ հնարավորությունները չունեմ, եթե նստեի Երևանում, դա կնշանակեր, որ ինձ այլևս չեն հրավիրի որևէ թատրոն: Նրանք ինձ թույլ տվեցին համատեղել: Երբ պարում էի Մոսկվայում, հրավիրում էին Պետերբուրգ: Երևանի թատրոնի հետ էլ բավականին հյուրախաղեր էինք ունենում: Հիմա դժվար է, ֆինանսական ճգնաժամն առաջին հերթին արվեստի վրա է ազդում, քանի որ մեծ գումարներ են անհրաժեշտ բալետի խումբ արտասահման տանելու համար. բալետի խումբ՝ մոտ 70 հոգի, այդքանի համար ճանապարհածախս, նաև ներկայացման դեկորները:
2014-ին մեր բալետի խմբին հրավիրեցին Պետերբուրգ՝ Մարինյան թատրոն: Ներկայացրեցինք Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Այս բալետն իրենց մոտ երբեք չէր բեմադրվել: Այնպիսի հաջողություն ունեցանք, զարմացրել էին մեր պարողները, շշկռված վիճակում էինք: Հանդիսատեսը մոտ տասնհինգ րոպե հոտնկայս ծափահարում էր: Նաև իմ ընկեր պարողներ էին եկել:
Ես խորհրդային տարիներին բարձրագույն աշխատավարձ էի ստանում՝ հավելյալ, որպես համաշխարհային երկու մրցույթի ոսկե մեդալակիր՝ Վառնայում՝ դասական պարարվեստի միջազգային մրցույթի առաջին մրցանակ և ոսկե մեդալ, Եգիպտոսում՝ Արևելյան երկրների պարողների մրցույթում:
Ասեմ, որ շատ դժվար է լինել բալետի պարող, միաժամանակ բալետմաստերություն անել: Անհամատեղելի է, շատ բարդ է: Ես պարել եմ աշխարհի բոլոր բեմերում: Իմ խաղընկերները միշտ եղել են մեծ թատրոնի պրիմա-բալերինաներ՝ Ռաիսա Ստրուչկովա, Եկատիրինա Մաքսիմովա, Նատալյա Բեսմերտնովա, Վալենտինա Գանիբալովա, Կալերիա Ֆեդիևչա: Ինձ հետ հանգիստ բեմ էին դուրս գալիս՝ առանց մտածելու, որ ես կարող եմ հարմար չբռնել, չպահել: Դա շատ կարևոր է:
Եթե բեմադրություն էի անում, զրկվում էի պարելուց, այսինքն այդ դեպքում մի տեղ պարտվում ես: Այդպես եղավ 1973-74-ին: Արամ Խաչատրյանն ինձ ասաց՝ «դու այնքան լավ ես պարում իմ երաժշտության տակ, զգում ես իմ երաժշտությունը, բեմադրի «Գայանե» բալետը», առանց մտածելու ասացի՝ «այո, կբեմադրեմ»: Այդ ժամանակ ես որևէ բալետ չէի բեմադրել: Բայց որ խոստացել էի, անպայման պետք է անեի:
Բեմադրություններ անելու պրոցեսում ես որպես պարող պարտվում էի, կորցնում իմ որակը: Հետո դա պետք է կրկին հետ բերել, որը տևում է մեկ-երկու ամիս, մկաններ են, պետք է նորից վերականգնել, որը դժվար, ծանր գործ է: Ես աշխատում էի շատ չբեմադրել, հասկանում էի, թե ինչ բարդություն է: Բայց թատրոնն էլ պահաջնում էր, որ բեմադրություններ անեմ:
Էդգար Հովհաննիսյանը գրեց երաժշտություն իմ լիբրետոյի հիման վրա, բեմադրեցի «Սասունցի Դավիթ» բալետը, 1976 թվականն էր: Հետո Տիգրան Մանսուրյանը գրեց երաժշտություն, բեմադրեցի Անդերսենի «Ձյունե թագուհին»: Լորիս Ճգնավորյանի երաժշտությամբ բեմադրեցի Շեքսպիրի «Օթելլո»-ն:
Հետո կատարվեց այն, ինչ կատարվեց. մնացինք առանց լույս, աշխատանք, թատրոնը չէր աշխատում, աշխատավարձ չէինք ստանում, սոված ապրում էինք: Ընկերներս փրկեցին ինձ: Մոսկվայի Մեծ թատրոնի տնօրեն Վլադիմիր Վասիլևը լսել էր, թե ինչ վիճակ է Հայաստանում: Մի օր զանգեց և ինձ հրավիրեց Մոսկվա: Վասիլևը Մաքսիմովայի հետ պետք է մեկ ամսով գնար Սեուլ՝ դասավանդելու: Նա իր փոխարեն ինձ ուղարկեց: Մեկնելուց մեկ օր առաջ զանգեց և ասաց, որ ինքը հիվանդացել է, իր փոխարեն կգա Վիլեն Գալստյանը: Մենք մեկնեցինք:
-Պարոն Գալստյան, Ձեր խաղացած, բեմադրած գործերից որո՞նք կառանձնացնեք:
-Իմ բեմադրություններից «Գայանե», «Ձյունե թագուհի» բալետները: «Օթելլո»-ի դեպքում բեմադրության մեջ նորարարական տարրեր մտցրեցի. դասական որևէ էլեմենտ չկար, այլ ժամանակակից պլաստիկա: Այն բեմադրեցի իմ մոդեռն, ժամանակակից լեզվով: Բայց կան ստեղծագործություններ, որոնք պետք է միայն դասական բեմադրել, օրինակ՝ «Կարապի լիճը», «Քնած գեղեցկուհին», «Ժիզել»:
-Դուք որի՞ն եք նախապատվություն տալիս՝ դասականի՞ն, թե՞ մոդեռնին:
-Մեր դպրոցը՝ դասական, ամենահզորն է: Հայկական բալետը դասական դպրոցն է հիմնադրել: Մենք ունեցել ենք Պետերբուրգի, Մոսկվայի դասատուներ: Բալետն այդպես է Հայաստանում զարգացել, միշտ կապի մեջ ենք եղել Ռուսաստանի հետ: Եթե չգիտես դասական դպրոց, ուրեմն անգրագետ ես, ցանկացած մոդեռնի հիմքը դասականն է: Բալետի հիմքը դասականն է: Ասացի, որ «Օթելլո»-ն մոդեռնի լեզվով եմ դրել: «Գայանե» բալետը հայկական է, դասական է, ես ձուլել եմ դասականի տեխնիկան հայկական պարի հետ:
-Պարոն Գալստյան, այսօրվա մեր պարողների մասի ի՞նչ կարծիք ունեք: Ունե՞նք պարողներ պատրաստող դպրոց:
-Մեր կադրերին առաջին հերթին պատրաստում են Երևանի պարարվեստի պետական քոլեջում, ոչնչով հետ չենք մնում մյուս դպրոցներից: Մեր մոտից 50 պարող տղաներ այժմ հանդես են գալիս համաշխարհային բեմերում: Նրանք ավելի շատ հաջողություններ են ունենում, քան Մոսկվայի, Պետերբուրգի թատրոնների պարողները:
Դրսում մեր պարողները 3000 եվրո են ստանում, այստեղ՝ 300 դոլար: Դրսում մեծ է հնարավորությունը հանդես գալ տարբեր երկրների բեմերում: Արվեստն այսպիսին է: Մենք այստեղ կորցնում ենք մեր կադրերին, բայց դպրոցից ստանում ենք հաջորդ կադրերը: Անընդհատ նոր դերակատարներ ենք պատրաստում:
-Պարոն Գալստյան, Ձեր գործը շարունակողներ տեսնո՞ւմ եք:
-Բեմադրելը մի քիչ ավելի բարդ է, որովհետև կարող ես էմոցիոնալ մի բան բեմադրես, բայց երբ որ ակունքները լավ չես տիրապետում, դպրոց չես անցել, դժվար է երկու, երեք գործողությամբ բալետ բեմադրել: Մեր պարող տղաներն արդեն փորձում են: Համարներ են բեմադրում, բավական հաջող: Բայց դա քիչ է: Կարող է մի համար բեմադրեն՝ 5-7 րոպե, բայց դա ներկայացում չէ: Իհարկե, ինձ մտահոգում է բալետմաստերների խնդիրը: Ես ինչքան կարող եմ օգտակար կլինեմ երիտասարդ բեմադրողներին, որպեսզի կարողանան վաղը, մյուս օրն ինքնուրույն բեմադրություններ անեն:
Վ. Գալստյանը Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը 1959 թ. ավարտելուց հետո բեմ է բարձրացել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այնուհետև 1961 թվականից հանդես է եկել Երևանի օպերայի և բալետի թատրոնում: Վիլեն Գալստյանի կերտած կերպարներից են՝ Սպարտակը՝ Խաչատրյանի նույնանուն բալետային ներկայացման մեջ (1961թ.), Արմենը՝ Խաչատրյանի «Գայանե»-ում (1974թ.), Ալբերտը՝ Ադանի «Ժիզել»-ում (1961թ.), Էդ. Հովհաննիսյանի «Հավերժական կուռք»-ում Բյուրատը (1966թ.), Կոմիտասը՝ «Անտունի»-ում (1969թ.), Դավիթը՝ «Սասունցի Դավիթ»-ում (1976թ.), Է. Արիստակեսյանի «Պրոմեթևս»-ում համանուն կերպարը (1967թ.), Ռոմեոն՝ Պրոկոֆևի «Ռոմեո եւ Ջուլիետ»-ում (1970թ.): Արվեստագետը բեմական գործունեությանը զուգահեռ, հեղինակ է մի շարք ներկայացումների՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ.), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Էդ. Հովհաննիսյանի՝ «Սասունցի Դավիթ» (1976թ.), Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.)ևայլն: Վիլեն Գալստյանը բեմ է բարձրացել Մոսկվայի Մեծ թատրոնում, ինչպես նաև Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և այլ երկրների հեղինակավոր բեմերում է ներկայացել անվանի արտիստը: Վ. Գալստյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն: Վ. Գալստյանն աշխատել է Մոնտեվերդիի «Տեատրու Սոլիս»-ում՝ որպես գլխավոր բալետմայստեր, դասավանդել Սեուլի բալետի համալսարանում: Երևանում Վ. Գալստյանը ղեկավարել է Պարարվեստի պետական ուսումնարանը, տարբեր տարիներին եղել է Երևանի օպերային և բալետի թատրոնի գլխավոր բալետմայստերը: Ավելի քան 15 տարի է Վ. Գալստյանը դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Նշենք, որ այժմ Վիլեն Գալստյանն աշխատում է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի վրա, որն այս տարվա հունիս-հուլիսին կներկայացվի հանդիսատեսին: «Իմ ազգային պարտքն եմ համարում բեմադրել «Դիմակահանդես»-ը: Մեր թատրոնը պարտավոր է ունենալ Արամ Խաչատրյանի երեք բալետները՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես»,-ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ասել էր բալետմայստերը:
Լուսանկարները տրամադրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: