ՀՀԿ-ի թեկնածուն Արծվիկ Մինասյանի համար առաջինն է
Մարդու իրավունքների պաշտպանի բոլոր երեք թեկնածուները բավարարում են Սահմանադրության 192 հոդվածի 2-րդ մասով սահմանված չափորոշիչներին` մասնավորապես բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող: Այդ մասին այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուների հարցի շուրջ քննարկման ժամանակ թեկնածուներին լսելուց հետո հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով ՄԻՊ պաշտոնում աշխատելու դեպքում թեկնածուների մատնանշնած մոտեցումներին, Մինասյանն ասաց, որ ինքն իր համար վարկանիշային աղյուսյակ է կազմել, որը գլխավորում է Հանրապետականի թեկնածուն` Արման Թաթոյանը:
«Իմ մոտ կազմել եմ ռեյտինգ, և Արման Թաթոյանը առաջին տեղում է: Այն, ինչ ներկայացրեց Արման Թաթոյանը ամբողջությամբ համապատասխանում է իմ պատկերացումներին», -հավելեց Մինասյանը:
Զարուհի Փոստանջյանի թեկնածության վերաբերյալ Մինասյանը կարծիք հայտնեց, որ եթե հաջողվի Փոստանջյանին դառնալ Օմբուդսմեն, ապա իրեն հավանաբար կհաջողվի փաստաբանական կեցվածքից անցում կատարել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ:
Ինչ վերաբերում է մյուս թեկնածու Նարեկ Ալոյանին, ապա ըստ Մինասյանի, նա երիտասարդ է և կատարում է իր առաջին քայլերը:
«Ես երեք թեկնածուներին էլ քվեարկելու եմ կողմ», -իր դիրքորոշումը ձևակերպեց Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյանը ընտրում է համագործակցության, երկխոսության ճանապարհը
- Դուք, որպես ՄԻՊ թեկնածու, չցուցաբերեցիք քաղաքական զսպվածություն. Պատգամավորը` Փոստանջյանին
- Օմբուդսմեն ընտրվելու դեպքում նույնպե՞ս Սահմանադրությունը համարելու եք չակերտավոր. Հարցեր Փոստանջյանին