Արման Թաթոյանը հաղթահարեց առաջին արգելքը
Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ` 7 «կողմ» ձայն, ընտրեց Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին և նրա թեկնածությունը կներկայացնի ԱԺ լիագումար նիստում որպես ՄԻՊ թեկնածու: Այդ մասին որոշումը հանձնաժողովը կայացրեց քիչ առաջ:
Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկեց 4 պատգամավոր, դեմ` 6: Մյուս թեկնածու Նարեկ Ալոյանի օգտին քվեարկողների թիվը 2-ն էր:
«Մեր հանձնաժողովը կառաջադրի Արման Թաթոյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստին, որպես ՄԻՊ թեկնածու: Սահմանադրության պահանջն է, որ թեկնածուն 3/5-րդ ձայների հարաբերակցությամբ և փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվի ՄԻՊ պաշտոնում», -նիստի ավարտին հայտարարեց Հովհաննես Սահակյանը:
Դաշնակցություն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը քվեարկեց բոլոր թեկնածուների օգտին: ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ չի մասնակցել ոչ առաջադրմանը, ոչ պաշտպանությանը, ոչ էլ կմասնակից ԱԺ լիագումար նիստում՝ քվեարկությանը:
Նկատենք, որ քվեարկությունն անցկացվեց «տնավարի». Արդյունքների հրապարակումից հետո ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը փորձեց պարզել, թե ԱԺ լիագումար նիստին միայն մեկ թեկնածությո՞ւն է ներկայացվելու, ինչին Հովհաննես Սահակյանը դրական պատասխան տվեց` ասելով, որ Զարուհի Փոստանջյանը բավարար քանակի ձայն չի ստացել:
Արծվիկ Մինասյանն իր հերթին նկատեց, որ Զարուհի Փոստանջյանի օգտին քվեարկած ձայները հրապարակվել են, բայց դեմ ձայները` ոչ:
«Բոլոր հանրապետականները դեմ են», -արձագանքեց Սահակյանը: Այս հանձնաժողովը միակ հանձնաժողովն է, որտեղ Հանրապետական խմբակցության անդամները շատ են` Ռոբերտ Սարգսյան (Տարոն Մարգարյանի աներձագը), Վահրամ Մկրտչյան, Գագիկ Մելիքյան, Հովհաննես Սահակյան և Լևոն Մարտիրոսյան:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ-ի թեկնածուն Արծվիկ Մինասյանի համար առաջինն է
- Դուք, որպես ՄԻՊ թեկնածու, չցուցաբերեցիք քաղաքական զսպվածություն. Պատգամավորը` Փոստանջյանին
- Օմբուդսմեն ընտրվելու դեպքում նույնպե՞ս Սահմանադրությունը համարելու եք չակերտավոր. Հարցեր Փոստանջյանին
- Փոստանջյանը չի ենթարկվի որևէ ճնշման. Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Օմբուդսմենի թեկնածուին