Բորդյուժա. ԼՂ հակամարտության հարցում ՀԱՊԿ դիրքորոշումն անփոփոխ է
ՀԱՊԿ-ը արձագանքել, արձագանքում և արձագանքելու է այն բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա: Այսօր կայացած Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամուրջի շրջանակներում ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշմանը, նման հայտարարությամբ հանդես եկավ կազմակերպության Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Բանախոսը չհամաձայնեց հնչած այն տեսակետի հետ, թե ՀԱՊԿ-ը չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին և զորքերի շփման գծում պարբերաբար գրանցվող միջադեպերին:
«Վերջին անգամ, երբ ես Հայաստանում էի երկրի անվտանգության խորհրդին եմ փոխանցել այն հայտարարությունների ցանկը, որոնք Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հնչեցվել են ՀԱՊԿ պետությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների և այլ պատկան մարմինների մակարդակով»,- նշեց Ն. Բորդյուժան:
ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի խոսքով, իրեն միշտ զարմացնում է հայաստանցի որոշ լրատվամիջոցների կողմից արծարծվող այն տեսակետը, թե այս հարցում կազմակերպության արձագանքը բավարար չէ:
«Հարկավոր է ծանոթանալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախարարների հայտարարություններին, որտեղ պարտադիր անդրադարձ կա Կովկասում տիրող իրավիճակին»,- շեշտել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը:
Նա հատուկ ընդգծեց, որ բոլորովին վերջերս «Ռոսսիա-24» հեռուստալիքի եթերում ևս մեկ անգամ ընդգծել է այն, որ Լեռնային Ղարաբաղի և հայ-ադրբեջանական զորքերի շփման գոտում լարվածության աճը անթույլատրելի է:
«Ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, որոնք արվել են այս տարիների ընթացքում բավարար են և չեմ գտնում, որ այս իրավիճակը որևէ կերպ ազդում է կազմակերպության հեղինակության վրա: ՀԱՊԿ-ը արձագանքել, արձագանքում է և արձագանքելու է այն բոլոր դեպքերին, որոնք ազդում են դաշնակիցների անվտանգության վրա»,- նշեց Ն. Բորդյուժան:
Նաև հավելեց, որ տարիների ընթացքում արցախյան հիմնահարցի շուրջ կազմակերպության դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել:
«ՀԱՊԿ-ը ներգրավված չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք հետևում ենք այս հարցում իրադարձությունների զարգացմանը, որովհետև այն կապված է մեր գլխավոր դաշնակիցներից մեկի՝ Հայաստանի հետ: Դրանով զբաղվում են փոքր-ինչ այլ միջազգային կազմակերպություններ՝ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խումբը, ուստի չեմ կարծում, որ այս հարցում իմաստ ունի փոխել դիրքորոշումը»,- նշել է Ն. Բորդյուժան:
«Մեր դիրքորոշումը հստակ է: Կարող եմ ևս մեկ անգամ ասել, որ ՀԱՊԿ պետությունները կողմնակից են, որ հակամարտությունը լուծվի բացարձակապես խաղաղ ճանապարհով: Կառույցի անդամ բոլոր պետությունները դեմ են լարվածության էսկալացիային՝ այդ թվում ծանր զինտեխնիկայի կիրառմանը»,- եզրափակեց Ն. Բորդյուժան:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան