Նախագահ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեռու է արկածախնդրությունից
Նախագահի նստավայրում այսօր օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների ներկայությամբ հանրապետության ղեկավարն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական օրակարգին՝ նշելով, որ «Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու»:
Երկրի ղեկավարը, մասնավորապես նշել է արտաքին ազդակների տեղն ու դերը հստակ գնահատելու անհրաժեշտությունը: «Այո՛, մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված և հաճախ խիստ հակասական ու դժվարությունն այն է, որ շատ պարագաներում այդ միջավայրը նաև անկանխատեսելի է: Բացի դրանից, Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է կազմում, ուստի և չի կարող խուսափել նաև համաշխարհային շուկայի ազդակներից: Սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այդ ամենի հետ պետք է համակերպվենք: Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Խոսելով Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշման մասին՝ երկրի ղեկավարը փաստել է, որ այն վաղուց է հայտնի է:
«Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի և ուժի դիրքերից: Այդ ձևով մեզ հետ խոսելն անհեռանկար է և որևէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչև այսօր»,- ընդգծել է երկրի ղեկավարը և հավելել. «Ղարաբաղյան հակամարտության մասով նախագահը նշել է, որ Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից և իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում գտնել չի կարող: Որևէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է: Մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում: Ակնհայտ է, որ այստեղ մենք որևէ խնդրի չենք բախվել: Այս երկրների հետ փոխգործակցությունը մեզ համար թանկ է, և մենք նույն ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի և Թեհրանի հետ»:
Ամփոփելով՝ նախագահը բնորոշել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը և ձևակերպել այս ուղղությամբ առաջնահերթ խնդիրները. «Ընդհանուր առմամբ, մեր արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է և մշտապես հեռու է մնացել որևէ արկածախնդրությունից: Մենք մշտապես հանդես ենք եկել բոլորի հետ դրական և փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձևավորելու օգտին: Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին և կարևոր աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների դաշտում, չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այսրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից: Այժմ եկել է այս ամուր հիմքի վրա ևս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը և բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին:
Առաջին հերթին, այստեղ հստակ խնդիր է դրվել ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները:
Երկրորդ, անհրաժեշտ է նոր շուկաներ և ուղղություններ գտնել Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար: Այստեղ ևս պետք է հստակ գնահատենք, թե որոնք են ամենահեռանկարային ուղղությունները:
Անշուշտ, արտաքին գործերի նախարարությունն այս հարցերի շրջանակի միակ և առաջին պատասխանատուն չէ: Ուստի և այստեղ խիստ կարևոր է դառնում դիվանագետների համադրված աշխատանքն էկոնոմիկայի նախարարության և համապատասխան մյուս գերատեսչությունների հետ: Այս բնույթի միջգերատեսչական համագործակցության և տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների մասին մենք դեռ առանձին խոսելու ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան