Չեխական ընկերությունների՝ հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում ներգրավելու հնարավորությունները
Երևանում երեկ մեկնարկած հայ-չեխական գործարար համաժողովը կանցնի արդյունավետ և թույլ կտա բացահայտել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու ուրվագծել համագործակցության նոր ոլորտներ: Այս մասին նշել է վարչապետ Հովիկ Աբրահամյանն՝ այսօր Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակությանն ընդունելու ժամանակ: Այս մասնին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Մլադեկն էլ նշել է, որ Երևանում ընթացող հայ-չեխական համաժողովին մասնակցում են շուրջ 30 չեխ գործարարներ: Նախարարի խոսքով՝ նրանք հետաքրքրված են հայ գործընկերների հետ ներդրումային տարբեր ծրագրերի իրականացմամբ, այդ թվում՝ էներգետիկայի բնագավառում, մասնավորապես, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների մատակարարման հարցում: Այդ նպատակով արդեն իսկ քննարկումներ են անցկացվել նաև ՀՀ էներգետիկայի նախարարության հետ: Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարարը վստահություն է հայտնել, որ ապրիլին Պրահայում կայանալիք հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը ևս նոր թափ կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են չեխական ընկերությունների՝ հայաստանյան ազատ տնտեսական գոտիներում ներգրավելու հնարավորություններին, տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները վերսկսելու չեխական կողմի պատրաստակամությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ. Երվանդ Զախարյան
- Նախատեսվում է շաբաթական իրականացնել Երևան-Պրահա-Երևան երեքական թռիչք. Յան Մլադեկ
- Մեծ նախադրյալներ կան, որ Հայաստանում չեխական կապիտալով գործող ընկերությունների թիվը կմեծանա. Արման Խաչատրյան