Սերժ Սարգսյան. Անհրաժեշտ է անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ
Հայաստանին անհրաժեշտ է ոչ միայն ունենալ լավ ընտրական օրենսգիրք, այլև անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ: Այս մասին այսօր հայտարարել է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը:
Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների ներկայությամբ ունեցած ելույթում խոսելով կայունության մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է. «Քաղաքական կայունության ամենանշանակալի երաշխիքը քաղաքական-կուսակցական համակարգի շարունակական կայացումն է, հասարակության վստահության ամրապնդումը հասարակական-քաղաքական հոսանքների, կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանդեպ: Մեր ընտրած պետական կառավարման խորհրդարանական մոդելը հենց դա էլ պարտադրում է: Վստահ եմ՝ ժամանակի հետ, գուցե մեզ համար էլ աննկատ, երկրում ձևավորվելու է քաղաքական նոր մշակույթ, երբ քաղաքական կուսակցությունների վարքագիծը կլինի զուտ մրցակցային, և անցյալում կմնան երկրի ներսում թշնամիներ փնտրելու արատավոր վարքագիծն ու սեփական հաջողությունը բացառապես այլոց ձախողման մեջ տեսնելու անհեռատես քաղաքական մտայնությունը: Նույնիսկ ամենալայն աջակցություն ունեցող քաղաքական իշխանությունը պարտավոր է ականջալուր լինել հանրային տրամադրություններին, հասարակության սպասելիքներին՝ առաջնորդվելով հանրային պատվերով: Նույնիսկ ամենաինքնավստահ իշխանությունը չպետք է մերժի համագործակցությունը, ջանքերի մեկտեղումը բոլոր այն միավորների ու անհատների, ովքեր իրենց բաժին մասնակցությունն են ուզում բերել մեր պետականաշինության գործին: Մերժելի է մտածողությունը, թե մենք ավելի շատ ենք սիրում մեր հայրենիքը կամ ավելի հայրենասեր ենք, քան նրանք, ովքեր քաղաքական իշխանության մաս չեն կազմում կամ երբեմն ամենասուր ձևով քննադատում են մեզ: Բոլոր նրանք, բոլոր այն քաղաքական միավորները, ովքեր իրենց սեփական պատկերացումներն ունեն մեր երկրի հետագա ընթացքի, մեր ունեցած խնդիրների հաղթահարման ճանապարհների վերաբերյալ, պետք է հավասար հնարավորություն ունենան հայցելու հասարակության աջակցությունն ու կյանքի կոչելու իրենց ծրագրերը: Այս հարցում Սահմանադրության փոփոխություններով ամենալուրջ երաշխիքներն ապահովված են, և այն զուգորդվելու է մեր հաստատուն քաղաքական կամքի հետ: Մենք պարտավոր ենք հաջողության հասնել այս երկար ճանապարհին»:
Երկրի ղեկավարն հատուկ ընդգծել է, որ թվարկված գաղափարները կենսագործելու համար անհրաժեշտ է ոչ միայն ունենալ լավ ընտրական օրենսգիրք, այլև անցկացնել առավելագույնս ազատ, արդար ու վստահելի ընտրություններ:
«Ընտրական նոր համակարգը պետք է պատրաստ լինի տեղայնացնել սահմանադրական ամրագրում ստացած այնպիսի նորարարությունները, ինչպիսիք են լրիվ համամասնական ընտրակարգը, կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին տեղեր հատկացնելը և այլն: Խիստ կարևոր է գիտակցել, որ նոր օրենսդրության և նոր ընտրությունների գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում կառավարման համակարգի կայունության ապահովումն է: Այդ պատճառով անհրաժեշտ է ունենալ Ազգային ժողովի այնպիսի ընտրակարգ, որը կերաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Միաժամանակ այն պետք է ապահովի նաև քաղաքական փոքրամասնության այնպիսի ներկայացվածություն, որը հնարավորություն կտա լիարժեքորեն իրականացնել խորհրդարանական փոքրամասնությանը վերապահված լիազորությունները»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը մատնանշել է տնտեսական օրակարգի առաջնահերթությունները
- Նախագահ. Հայաստանի արտաքին քաղաքականությունը հեռու է արկածախնդրությունից
- Սերժ Սարգսյան. Խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը երաշխավորված չէ
- Սերժ Սարգսյան. Կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան