ԿՏԱԿ-ի տնօրենը` դպրոցների վարկանիշավորման գաղտնիքների մասին
Դպրոցների վերաբերյալ վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանին չեն զարմացնում:
«Այս տարի վարկանիշավորման մեջ որևէ անակնկալ չկա: Այնպես, ինչպես դա է ձևավորվում, ինձ համար ընդունելի է: Կարևորն այն է, որ մենք որևէ ազդեցություն չենք ունենում գործընթացի վրա», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿՏԱԿ-ի տնօրենը:
Դպրոցների վարկանիշավորման արդյունքների հրապարակումից հետո շատերի մոտ հարցեր էին առաջանում, թե ինչ մեթոդներով, ինչ հիմնավորմամբ են ընտրվում այսպես կոչված, լավագույն դպրոցները:
Բոլոր նման հարցադրումներին ի պատասխան պաշտոնյան ներկայացնում է, որ դպրոցների վարկանիշավորումն իրականացվում է 40 ցուցանիշների հիման վրա, որոնք հաշվարկվում են 45 բանաձևերով: Այդ ցուցանիշներն իրենց հերթին, բաժանված են մի քանի խմբերի` սովորողների ուսումնառություն, դպրոցների ակտիվություն, ներդպրոցական ակտիվություն և կառավարման արդյունավետություն: ԿՏԱԿ-ը նաև դպրոցներին է բաժանել խմբերի` մեծ, միջին ու հիմնական:
Այդպես, ըստ Պողոսյանի, արվում է, որպեսզի հնարավոր լինի համեմատելի դարձնել դպրոցները:
«Մենք չենք համեմատում քաղաքային մեծ, հիմնական դպրոցը, որտեղ կրթական մեկ աստիճան է իր մեծությամբ և գյուղական փոքր միջնակարգ դպրոցը: Այդպես անարդար կլինի: Եթե մենք վերցնենք միայն ըստ դպրոցի փոքր, միջին և մեծ լինելու հանգամանքի, ապա կստացվի ամեն խմբում 10 դպրոց և այդ պարագայում վարկանիշավորում իրականացնելը նպատակահարմար չէ: Մարզային տարանջատում էլ չենք կատարում: Մենք համապետական մակարդակով ենք դիտարկում, և տարանջատումը կատարվում է հետևյալ կերպ` ինչ աստիճանի կրթական ծրագիր է իրականացվում` հիմնական, միջնակարգ, ավագ, բնակավայրը` քաղաքային կամ գյուղական: Բացի դրանից, դպրոցի մեծությունն ենք հաշվի առնում` փոքր (մինչև 100 աշակերտ), միջին (100-400 աշակերտ), մեծ դպրոց (400-ից ավելի աշակերտ)», -բացատրեց մեր զրուցակիցը::
Ինչ վերաբերում է վարկանիշավորման ցուցանիշներին, ապա ըստ Պողոսյանի, դրանք կատարվում են ոչ թե բացարձակ թվերով, այլ տոկոսային հարաբերություններով, որպեսզի համեմատելը հնարավոր լինի և բացարձակ թվեր ներկայացնողները առաջնայնություն չունենան:
«Մեր ցուցանիշները այնպիսի ցուցանիշներ են, որոնք հիմնականում ստուգելի են ու չափելի: Օրինակ` եթե դպրոցի միասնական քննություններին «մաթեմատիկա» առարկայից մասնակցած միջին գնահատականը 15 է, մյուսինը` 14, դա չի նշանակում, որ տվյալ դպրոցը ավելի բարձր կստանա, որովհետև մենք շարժվում ենք հետևյալ տրամաբանությամբ` դրանք համեմատվում են նույն դպրոցի ավարտական քննությունների միջին գնահատականների հետ: Բացատրեմ` ինչու. եթե տվյալ դպրոցից մաթեմատիկայի ավարտական քննությունների գնահատականը 18 է, բայց նույն դպրոցից «մաթեմատիկա» առարկայից մասնակցածները միջին գնահատականը ստանում են 10, ապա դա ենթադրում է, որ տվյալ դպրոցի ավարտական քննությունները արդար չեն կազմակերպվել: Մենք, որպես ցուցանիշ, վերցնում ենք այդ երկու թվերի տարբերությունը և ինչքան այդ տարբերությունը մոտ է, այնքան այդ դպրոցի վարկանիշը բարձր է», -նկատեց Արտակ Պողոսյանը:
Նրա խոսքով, իրենք դպրոցական ակտիվությամբ կարողանում են ստուգել-պարզել, թե քանի երեխա է ընդունվել բուհ, շարունակում կրթությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, քանի երեխա է մասնակցել օլիմպիադաներին, քանիսն են մրցանակ ստացել մարզային կամ հանրապետական կամ միջազգային օլիմպիադաներին, քանիսն են ստացել մրցանակներ կամ գրավել տեղեր: Իսկ ներդպրոցական ակտիվությունն այն է, թե աշակերտական և մանկավարժական խորհուրդը քանի ծրագրեր է իրականացրել:
Դպրոցների կառավարման արդյունավետության պարագայում ուսումնասիրվում է օրինակ` ուսուցիչների և դպրոցի վարչական աշխատողների աշխատավարձերի տարբերությունը:
«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ վարչական աշխատողների ու ուսուցիչների միջին աշխատավարձերի միջև կան զգալի տարբերություններ, եռակի անգամ մեծ են վարչական աշխատողների աշխատավարձերը, և մենք հիմա մեր վարկանիշներով ուզում ենք խթանել այն գործընթացը, որ իհարկե, վարչական աշխատողների աշխատավարձը պետք է բարձր լինի, բայց ոչ եռակի անգամ: Երբ ուսուցիչը դպրոցում ստանում է 70 հազար դրամ միջին աշխատավարձ, այդ դեպքում վարչական աշխատողների միջին աշխատավարձը չպետք է լինի 250 հազար դրամ: Այդ պարագայում դպրոցի վարկանիշն ընկնում է », -նկատում է Պողոսյանը:
Բացի այդ, կառավարման արդյունավետության ցուցանիշների շարքում ԿՏԱԿ-ում հաշվի են առնում այն, թե քանի ուսուցիչ է հեռացել դպրոցից` բացառությամբ բնակավայրը փոխելու դեպքերի:
«Դա էլ կառավարման արդյունավետության ցուցանիշ է` կամ դպրոցում մթնոլորտը լավը չէ, որ ուսուցիչը դուրս է եկել աշխատանքից, կամ էլ աշխատավարձն է ցածր», -ասում է Պողոսյանը:
Անդրադառնալով Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի այն դիտարկմանը, թե 2013 թվականից իրականացվող դպրոցների վարկանիշավորումը արդյունքներ չի տալիս, Պողոսյանը նախ չհամաձայնեց, այնուհետև հավելեց.
«Վարկանիշավորման արդյունքների մասին մենք կարող ենք խոսել, երբ դա կդառնա մշակույթ դպրոցների համար, 5-7 տարիների ընթացքում: Ցուցանիշները, որպես այդպիսիք, հիմքում դրված են ոչ թե նրանց վնասելու կամ մեկին լավագույնը ճանաչելու համար, այլ նրանց աշխատանքը խթանելու համար և դա կբերի փոփոխությունների: Որովհետև ցուցանիշներն այնպիսին են, որոնք ազդում են գործընթացի վրա»:
Նրա խոսքով, 2013-ից սկսած վարկանիշավորման արդյունքում մեծ թվով ուսուցիչներ են որակավորամն տարակարգ ստացել, ինչը ենթադրում է, որ և նրանց աշխատավարձն է ավելացել, և նրանց որակավորումն է բարձրացել:
Դիտարկմանը, թե վարկանիշավորման արդյունքների հրապարակումից հետո փորձագիտական շրջանակներում հայտարարվեց, որ վարկանիշավորման հիմքում հնարավոր են կոռուպցիան ռիսկեր, Պողոսյանը արձագանքեց, որ համակարգը էլեկտրոնային է, և իրենք դպրոցների տնօրեններից հավաքում են տեղեկատվությունը` կնքված ստորագրված, և ցանկացած տնօրեն, ցանկացած պահի կարող է հետամուտ լինել ու հասկանալ` իր տվյալները խախտվե՞լ են, թե՞ ոչ:
Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ դպրոցի տնօրենը սխալ կամ ուռճացված տվյալներ ներկայացնի իր ղեկավարած դպրոցի մասին, Պողոսյանը պատասխանեց. «Մենք վերցնում ենք այնպիսի տվյալներ, որոնք ուռճացնելը հնարավոր չէ: Եթե դպրոցի տնօրենը կնշի, որ իրենց դպրոցից միասնական քննություններին մասնակցել է 100 երեխա, մենք Գնահատման և թեստավորման կենտրոնից վերցնում ենք այդ տվյալները և ստուգում: Բնականաբար, մեզ համար հիմք են հանդիսանում նաև ԳԹԿ-ից ստացված տվյալները»:
Պողոսյանի դիտարկմամբ, շատ երկրներում դպրոցների վարկանիշավորման մեթոդաբանությունը գաղտնի է պահվում ու չի հրապարակվում: Սակայն իրենք, ԿՏԱԿ-ի տնօրենի խոսքով, նման քաղաքականություն չեն որդեգրել ու աշխատում են թափանցիկ:
Հարակից հրապարակումներ`
- ԿՏԱԿ-ը արձագանքել է Երևանի թիվ 130 հիմնական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի նամակին
- Բախշյանը տարօրինակ է համարում թիվ 130 դպրոցի վարկանիշավորման հետ կապված պատմությունը
- Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը դժգոհ է վարկանիշավորման արդյունքներից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները