Թաթոյանը ընտրում է համագործակցության, երկխոսության ճանապարհը
«Այս պահին իրավասու չեմ և չեմ էլ տիրապետում գործերի հանգամանքներին, որպեսզի հայտարարեմ` Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ», -այսօր ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածության հարցի շուրջ քննարկման ժամանակ հայտարարեց Օմբուդսմենի թեկնածու Արման Թաթոյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին` արդյոք ՀՀ-ում քաղբանտարկյալնե՞ր կան, թե՞ ոչ:
Ըստ Թաթոյանի, անձի` քաղբանտարկյալ լինելը պարզելու համար պետք է հասկանալ արդյոք նրա վերաբերյալ քրեական գործի հանգամանքները համապատասխանում են քաղբանտարկյալ լինելու համար սահմանված չափորոշիչների՞ն, թե ոչ:
«Որպեսզի գնահատենք և հետևություն անենք, թե արդյոք անձը քաղաքական բանտարկյալ է կամ քաղհետապնդում իրականցվում է թե ոչ, անհրաժեշտ է անդրադառնալ դրանք բացահայտող չափորոշիչներին, որոնք մշակել են Եվրոպական դատարանը, ԵԽԽՎ-ն», -հավելեց Արման Թաթոյանը:
Ուրիխանյանին սակայն չբավարարեց պատասխանը, և նա հստակեցրեց, որ իրեն հետաքրքրում է, թե ընդհանրապես կա՞ն Հայաստանում քաղբանտարյալներ, թե ոչ: Թաթոյանը կրկնեց նույն պատասխանը և խոստովանեց, որ ինքը որևէ գնահատական կամ հայտարարություն չի կարող անել:
Ներկայացնելով ՄԻՊ պաշտոնում իր տեսլականը, Արման Թաթոյանը հայտարարեց, որ ընտրելու է երկխոսության ճանապարհը. «Պետք է պետական մարմինների հետ համագործակցել, հետադարձ կապ ունենանք: Պետք է քննադատություններ հնչեցնի օմբուդսմենը, սակայն դրանք պետք է լինեն ոչ ինքնանպատակ, այլ օգնեն պետական կառույցներին իրենց աշխատանքներում` համակարգային բնույթի խնդիրները կանխարգելելու համար», -հայտարարեց Թաթոյանը:
Վերջինի 20 րոպեանոց ելույթում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չէր նկատել, որ Օմբուդսմենի պաշտոնում ինքը պատրաստ է համագործակցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչը նրան վրդովեցրեց.
«Դուք ձեր տեսլականում որևէ բառ չասացիք քաղաքացիական հասարակության և ՀԿ սեկտորի հետ աշխատանքի մասին: Սա արդեն մտահոգիչ ազդակ է: Պատահաբար մոռացա՞ք, թե՞ ձեր աշխատանքում չեք նախատեսում», -հետաքրքրվեց տիկին Զոհրաբյանը:
Բայց ի պատասխան Հանրապետականի թեկնածուն վստահեցրեց, որ իր ելույթում «անընդհատ շեշտել է» քաղհասարակության հետ կապի անհրաժեշտության մասին:
Հարակից հրապարակումներ`
- Դուք, որպես ՄԻՊ թեկնածու, չցուցաբերեցիք քաղաքական զսպվածություն. Պատգամավորը` Փոստանջյանին
- Օմբուդսմեն ընտրվելու դեպքում նույնպե՞ս Սահմանադրությունը համարելու եք չակերտավոր. Հարցեր Փոստանջյանին
- Փոստանջյանը չի ենթարկվի որևէ ճնշման. Էդմոն Մարուքյանը ներկայացրեց Օմբուդսմենի թեկնածուին